ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻՆ ՈՉ ՈՔ ՉՕԳՆԵՑ

Եղեգնաձորում մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել Հայաստանի ԶՈՒ-ի փոխգնդապետ, հաղորդեց Քննչական կոմիտեն։ Սպայի վիճակը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերով, ծայրահեղ ծանր է և առանձնակի հույսեր չի ներշնչում։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, մամուլում անմիջապես տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ զինծառայողին վնասվածքներ է պատճառել Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Հիշատակվել է նաև, որ միջադեպին առնչություն ունի ինքը՝ մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Առնչություն ունի, թե ոչ, պետք է պարզի քննությունը, բայց այդ նորաթուխ «թավշե» վարչարարի ցինիկ հայտարարությունը առանձին թեմա է։ «Չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել։ Նրանք (սպաները) բավականին ամրակազմ են։ Իմ տեղեկությամբ, երբ հետապնդել է իմ օգնականին մինչև բնակարան, այդ աստիճաններից է ընկել, ոչ թե իրեն հարվածել են: Դա ես գիտեմ իմ օգնականի պատմելով»,- հայտարարեց մարզպետը։ Ընդ որում նախաքննությունն արդեն պարզել է, որ վեճի ընթացքում բացի փոխգնդապետից ֆիզիկական վնասվածքներ են ստացել ևս երկու սպա։

Ուշագրավ է, որ հետհեղափոխական Հայաստանի նմուշի իրավապաշտպան կազմակերպություններից ոչ մեկը, որոնք վայրկենապես տիեզերացունց աղմուկ են բարձրացնում, ասենք, ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման առիթով, չարձագանքեց այդ հրեշավոր միջադեպին և հանդես չեկավ որևէ, թեկուզ անգամ խղճուկ հայտարարությամբ։ Մարզպետ Սարգսյանի հայտնությունները դատապարտման արժանացան թերևս միայն ԶԼՄ-ներում և սոցցանցերից օգտվողների մեկնաբանությունների մակարդակով։ Մինչդեռ իշխանությունները, բացի պաշտպանության նախարարից, ասես ջուր առան բերանները։

Ավելին, դեպքից երկու օր անց վարչապետ Փաշինյանը, իրեն բնորոշ վերամբարձ ոճով խոսելով այն մասին, որ «առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին» և «այդ կերպարին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները», ոչ մի կերպ չանդրադարձավ զինծառայողներին ծեծի ենթարկելու փաստին և չդատապարտեց դա թեկուզ լրագրողների հետ զրույցում։ Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը օպերատիվ մեկնաբանություններ է տալիս անհամեմատ ավելի անկարևոր առիթներով, «ոչինչ չգտեմ, տեղյակ չեմ» ոգով այդօրինակ անտեսումը առնվազն տարօրինակ է թվում։

Սակայն դա տարօրինակ է միայն առաջին հայացքից։ Եթե բացառենք դատարկ պաթոսն ու անվերջանալի դեմագոգիան, ապա կատարվող ամենը լիովին տեղավորվում է զինվորական հանրության նկատմամբ հետհեղափոխական իշխանությունների վերաբերմունքի և ընդհանրապես «նոր Հայաստանում» տիրող հասարակական հարաբերությունների տրամաբանության մեջ։ Եթե հալածում են մարտական գեներալներին, եթե վարչապետը սպառնում է «պատերին ծեփել» ու «ասֆալտին փռել» անհաճո մարդկանց, ապա ինչո՞ւ պիտի տեղական «արքայիկներն» իրենց այլ կերպ պահեն։ Եվ տարածված արտահայտությունը, թե «իսկ ինչ է, նախկինների օրոք ավելի լա՞վ էր», այստեղ բացարձակ անպատեհ է։

Հիշո՞ւմ եք 2012 թվականին տեղի ունեցած սարսափելի միջադեպը, երբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվեցին մի քանի ռազմական բժիշկներ։ Նրանցից մեկը՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը 12 օր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում էր և ստացած վնասվածքներից մահացավ հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու։ Ռազմական բժշկին սպանողներին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման։ Եվ երկրում չկար գեթ մեկ իրավապաշտպան, որ բարձրահունչ արտահայտված չլիներ այդ աղաղակող գործի առնչությամբ։ Չեմ խոսում արդեն հասարակական արձագանքի մասին։

Ներկայումս ծեծի է ենթարկվել և ծանր վիճակում է ՀՀ ԶՈՒ փոխգնդապետը. տա՛ Աստված, որ նա ապաքինվի։ Բայց այ, հասարակությունը լռում է։ Եթե նախկիններից մեկնումեկը իրեն թույլ տար լկտի հայտարարություններ անել՝ Վայոց Ձորի մարզպետի պես, ինչպե՞ս կարձագանքեր հասարակայնությունը։ Կոշտ։ Իսկ ի՞նչ է փոխվել, բացի նրանից, որ այսօր այդ պաշտոնը զբաղեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը։ Ի՞նչ արժանիքներով է աչքի ընկել այդ պարոնը, որի մասին մամուլը գրում էր, որ պաշտոնին նա արժանացել է բացառապես «թավշե հեղափոխության» օրերին Հանրային ռադիոյի շենքի զավթման «շնորհիվ»։ Իսկ մարզպետի պաշտոնում աչքի է ընկել թերևս միայն իր օգնական Վարդան Ղազարյանին սկանդալային կերպով աշխատանքից հեռացնելով՝ առանց նախնական ծանուցման, հայտարարելով. «Քո տեղը ուզում եմ աղջիկ վերցնել»։ Ինչի մասին Ղազարյանը չհապաղեց պատմել լրագրողներին։

Իսկ ինչ վերաբերում է «չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել։ Նրանք (սպաները) բավականին ամրակազմ են» թեմայով մարզպետի ճամարտակություններին, ապա այստեղ մեկնաբանության կարիք անգամ չկա. մակարդակը ամենաստորին նշաձողից էլ ցածր է։ Ուշադրություն դարձրեք. ոչ մի զղջում, կարեկցանք, ապաշխարանք… Միմիայն ցինիզմ՝ անտարբերության ու սեփական անպատժելիության զգացումի հետ մեկտեղ։

Հ.Գ.- Հայաստանի քննչական կոմիտեն ստուգում է Վայոց Ձորի մարզպետի առնչությունը փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպին։ Ինչպես հաղորդել է ՔԿ մամլո քարտուղար Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում, մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ։

«Առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով: Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»,- նշել է Հարությունյանը։

Մինչդեռ սպայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, հաղորդում է Sputnik Armenia-ն։