Логотип

ԱԱԾ-ն հարցաքննում է Կարապետյանի աջակցությամբ 2025-ից անվճար ուսանած կանանց

Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է կանչել Վարդենիսում բացված «Հայուհի» կանանց կենտրոնի դասընթացներին մասնակցած կանանց, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Կենտրոնը հիմնադրվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմից՝ 2025 թվականին, և հիմնականում օգնել է արցախցի կանանց տարբեր մասնագիտական ուսուցումներ անցնել։

Թերթի տեղեկություններով՝ իրավապահները փորձում են անվճար մասնագիտական դասընթացները ներկայացնել որպես ընտրակաշառք։

Մինչդեռ հարցաքննված կանայք, որոնց թվում մեծ թիվ են կազմում արցախցիները, պարզաբանել են, որ ուսուցումն իրականացվել է ամիսներ առաջ, և որևէ կապ չունի խորհրդարանական ընտրությունների հետ։

Օրաթերթն այս իրավիճակը համեմատել է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության հետ՝ նշելով, որ իրավապահ մարմինները վերջինիս նկատմամբ նմանատիպ ստուգումներ չեն իրականացնում։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը մայիսի 17-ին հայտարարել էր, որ դաշինքի բերման ենթարկված կամ ձերբակալված համակիրների թիվն արդեն անցնում է 300-ը։ Դաշինքից այս գործողությունները քաղաքական հետապնդում էին համարել և նշել, որ դաշինքը գործում է օրենքի շրջանակներում և բացառում է ընտրակաշառքի կիրառումը։

Մասնագիտական շրջանակները հայտարարել էին, որ նախընտրական շրջանում իրավապահ համակարգի ենթադրյալ ընտրակաշառքների և գաղտնալսումների վերաբերյալ հայտարարությունները քաղաքական ակնհայտ հակաքարոզչություն են։

Armenia Today