ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ այցի նպատակն է տեղում ընդգծել և ամրապնդել հայ-ամերիկյան բազմաոլորտ գործընկերությունը։
Ըստ դեսպանության հաղորդագրության` Դեյվիդ Ալենը պետք է հանդիպումներ ունենա ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Նա այցելելու է նաև Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու (այստեղով պետք է անցնի «Թրամփի ուղին». Խմբ.):
Ամերիկացի դիվանագետը Գորիսում այցելելու է «ՔոնթուրԳլոբալ» ընկերության գրասենյակ (այս ընկերությանն է պատկանում «Որոտանի կասկադ ՀԷԿ»–ը. խմբ), որտեղ, ըստ դեսպանության, օրակարգային կլինեն էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերն ու հնարավոր նոր ծրագրերը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
