ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պնդում է` իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ապացույցներ գոյություն չունեն։ Նա այդ մասին ասել է դատական նիստից առաջ` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Գործն ավարտական փուլում է, բայց ես դատարանից ակնկալիք չունեմ։ Այսօր հակառեպլիկով պետք է հանդես գամ, դրանից հետո պաշտպանական ճառերը կլինեն, դրանով էլ ամեն ինչ կավարտվի։ Իշխանափոխության դեպքում էլ դատարանից ակնկալիք չէի ունենա։ Պայքարում եմ մինչև վերջ, որպեսզի արդարացման որոշում կայացվի։ Մեղադրանքն ապացուցող ոչինչ չկա»,– ասել է նախկին նախարարը։
Նրա խոսքով` գործի ելքը կախված է նրանից, թե դատական գործընթացում որքան կոմպետենտություն կդրսևորվի։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց 2023 թվականի դեկտեմբերին, իսկ Դավիթ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց` օգոստոսի 15–ին։
Sputnik Արմենիա
