Логотип

Արայիկ Հարությունյանը չի վերանշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը քաղաքական պատճառներով չի վերանշանակվի նույն պաշտոնում, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Ազգային ժողովի ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբային աշխատանքի և տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ լուրջ թերացումներ են արձանագրվել, ինչի պատասխանատվությունը կրում էր Հարությունյանը, որը ՔՊ շտաբի պետն էր։

Մասնավորապես, ըստ թերթի աղբյուրների, վերջինս մինչև ընտրությունները Փաշինյանին զեկուցել էր, թե ՔՊ-ն կարող է ստանալ շուրջ 65% աջակցություն և նույնիսկ ապահովել սահմանադրական մեծամասնություն, ինչն էլ անհիմն քաղաքական սպասումներ էր ձևավորել։

Օրաթերթը հուլիսի 4-ին հայտնել էր, որ Հարությունյանին կարող է փոխարինել ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։

ԱԺ հունիսի 7-ի ընտրություններից հետո իշխող ուժը կադրային վերադասավորումների մասին է հայտնել։ ՔՊ կուսակցության վարչության նիստում Ռուբեն Ռուբինյանը փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածու։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դարձել էին խորհրդարանի փոխնախագահի թեկնածուներ։

Armenia Today