ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Այվազյանը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
«Կոչ ենք անում, որ դուք՝ հարգելի գործընկերներ, հրապարակայնորեն հայտարարեք ձեր հանձնառությունն ու հավատարմությունը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ստանդարտներին՝ ազատ, արդար և առանց խտրականության ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Պահանջում ենք, որ ուժեղացնեք ձեր մոնիտորինգը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, որոնք կբացառեն այսպիսի երևույթները»,- նշեց Այվազյանը։
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված հայտարարության երրորդ կետով կոչ է արվում ՀՀ իշխանություններից պահանջել անհապաղ դադարեցնել թշնամանքի, ճնշման և առկա հռետորաբանության դրսևորումները։
«Հայաստանը համակենտրոնացման ճամբար չէ, իսկ ձեր լռությունը որոշ չափով նշանակում է խլացուցիչ լռություն, ընկալվում է որպես հանդուրժողականություն, և այս հանդուրժողականությունը կանաչ լույս է, որ Հայաստանը դառնա ժողովրդավար, բայց այդուհանդերձ համակենտրոնացման ճամբար»,- ասաց Այվազյանը։
Նա հիշեցրեց՝ միջազգային կառույցներն ակտիվ արձագանքել են, երբ Հայաստանում եղել են ոչ ժողովրդավար դրսևորումներ, իսկ այսօր այս լռությունը կասկածի տակ է դնում նրանց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, և նաև խարխլում է մեր հավատը ժողովրդավարության նկատմամբ։
Պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը շարունակեց գործընկերոջ խոսքը՝ միջազգային կառույցների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, թե ինչպես է արձագանքում գործող վարչապետը` ՔՊ վարչապետի թեկնածուն, երբ լսվում է իր համար անցանկալի խոսք. հրահանգում է հավաքներից հեռացնել բոլոր նրանց, ովքեր իր հետ համաձայն չեն։
«Դուք տեսնու՞մ եք, թե ինչպես է իշխող ուժի ղեկավարը վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնում առաջատար ընդդիմադիր ուժերի նկատմամբ, դուք լսու՞մ եք նրա հռետորաբանությունը։ Դուք տեսնու՞մ եք, թե ինչպես է իշխող ուժի ղեկավարը քաղաքացու ձեռքից քաշելով` պարտադրում նրան, որ լսի իր վիրավորանքները, իսկ տեսնու՞մ եք, երբ ինքը համաձայն չի լինում քաղաքացու դիտողությունների հետ, հրահանգում է հեռացնել նրան այնտեղից»,- ասաց Վարդանյանը՝ հիշեցնելով, թե մայիսի 11–ին Սպիտակում ինչպես հեռացրին Ազատի զինվորական կացարանում մահացած զինծառայողի պապիկին։
Էլինար Վարդանյանը հայտարարեց՝ այս քարոզարշավն արդեն մարդու կյանք է արժեցել, երբ նախընտրական պաստառ պոկելու համար քաղաքացուն կալանավորեցին ու տեղավորեցին հոգեկան առողջության կենտրոնում։ Իսկ միջազգային կառույցները շարունակում են լուռ մնալ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
