Իշխանությունները մարդկանց վերահսկելու և վախեցնելու տարբեր մեխանիզմներ են կիրառում։ Այս մասին մայիսի 14-ին «Facebook»-ի իր էջում հայտարարել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա պարզաբանել է, որ ջրաչափերը ստուգող այսպես կոչված տեսուչները, ցուցակները ձեռքերին, ցուցադրաբար այցելում են մարդկանց տներ և ճշտում, թե վերջիններս ում օգտին են քվեարկելու։ Թաթոյանը հավելել է, որ եթե այդ այսպես կոչված տեսուչները պարզում են, որ մարդիկ չեն քվեարկելու իշխանությունների օգտին, նշումներ են կատարում և վախի զգացում առաջացնում, ինչից հետո իշխանության օգտին քարոզ են անում և հեռանում։
«Զանգում եք աշխատանքի վայրեր, ուսման վայրեր և սպառնում մարդկանց։ Մենք արդեն համարյա ամեն օր ահազանգեր ենք ստանում, թե ինչ քայլեր են անում Նիկոլ Փաշինյանի բաշիբոզուկները, որ վախի մեջ պահեն մեր ժողովրդին, որ մեր քաղաքացիներին վախեցնելով հեռու պահեն ընտրություններից։ Դասերը կրճատում ես, ուսուցիչներին գազելներով տանում ես քո հավաքներին։ Հլը մի հատ էլ ասում էիր նախկինում էին գազելները», – ընդգծել է նա։
Թաթոյանը կոչ է արել ժողովրդին չվախենալ, քանի որ, նրա գնահատմամբ, իշխանություններն իրենք են վախենում քաղաքացիներից։
Նա առաջիկա ընտրություններն անվանեց երկրի ապագայի և ազգային շահերի ընտրություն։ «Քվեարկելով 6 համարի օգտին՝ դուք օգնում եք, որպեսզի մենք միասին ազատվենք այս վախկոտ իշխանություններից ու վախի մթնոլորտից և հանուն մեր երկրի ապագայի բոլորս ապրենք ու արարենք»,- եզրափակել է Արման Թաթոյանը։
News.am
