Логотип

Արսեն Բաբայան․ Քրեական վարույթները դարձել են այս իշխանության ձեռքի ամենամեծ մուրճը

Քրեական վարույթները դարձել են այս իշխանության ամենամեծ մուրճը, որով փորձ է արվում բոլոր ոլորտներում ճնշումներ իրականացնել։ Երևանում այսօր կազմակերպված «Կոռուպցիան նախընտրական փուլում» աշխատաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Քրեական գործերի կամ ընտրություններին ներգրավված անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է, վարչական ռեսուրսի չարաշահումը, բազմաթիվ դեպքեր կան։ Եթե չեմ սխալվում, 17 ուղղություններով արձանագրված խնդիրներ կան»,- ասաց Բաբայանը՝ ներկայացնելով կատարված ուսումնասիրության արդյունքները։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի կողմից պարբերաբար հրապարակվող ձայնագրություններին, Բաբայանը վստահեցրեց՝ բոլորն են գաղտնալսվում։

«Մենք տեսել ենք, որ իշխանությունները ձայնագրությունները մոնտաժելու հակում ունեն։ Այդքան խոսակցությունները լսելը, հետո մտածել՝ որ նախադասությունը որից առաջ բերենք, կրճատենք, որ բառն ինչ անենք` տևական աշխատանք է պահանջում։ Ենթադրում եմ, որ հիմա զբաղված են այդ տևական աշխատանքը կատարելով»,- ասա Բաբայանը։

Նա տարակուսած է, թե նման պայմաններում ինչու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները չեն գաղտնալսվում։ Վստահ է՝ եթե գաղտնալսում լիներ, ապա Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ կապված հաղորդագրությունը Հակակոռուպցիոն կոմիտեն չէր տարածի։

Հիշեցնենք` մայիսի 11-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ թալինցիներին որպես սոցիալական աջակցություն ավելի քան 11 միլիոն դրամ բաժանած Տավրոս Սափեյանը չի խախտել բարեգործության արգելքը, քրեական վարույթ չի նախաձեռնվի։

Նրա պարզաբանմամբ՝ այս դեպքում Սափեյանն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը: Օհանջանյանի խոսքով՝ սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումները նա կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար:

Sputnik Արմենիա