Логотип

«Բողոքարկման գործընթաց». հայ գերիներին ժամանակ են տվել ելույթներին պատրաստվելու համար

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում, որտեղ քննվում են հայ գերիների բողոքները, այսօր մեկնարկել են կողմերի ելույթները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ գերիներին տրամադրվել է ինչ-որ «փաստաթղթերի» թարգմանություն, որը նրանք պահանջել էին նախորդ նիստի ժամանակ։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը մայիսի 26-ի դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու ցանկություն է հայտնել։ Նախագահող դատավորը պատասխանել է, որ դրա համար պետք է դիմել դատարան։

Ելույթների համար խոսքը տրվել է «պաշտպանական կողմին»։ Բայց բացի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանից», մյուս փաստաբանները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատարանին խնդրել են «դատավարությունը» հետաձգել ելույթներին նախապատրաստվելու համար:

Իշխանյանն ու Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը դատարանին խնդրել են շարունակել «դատավարությունը»:

Հայտարարվել է ընդմիջում, որի ընթացքում որոշ գերիներ «կոնֆիդենցիալ հանդիպումներ» են ունեցել իրենց «պաշտպանների» հետ։

Այնուհետև նախագահող դատավորը հայտարարել է, որ պայմաններ կստեղծվեն այն անձանց համար, որոնք ցանկանում են ելույթ ունենալ նիստի ընթացքում: Մյուսներին ելույթներ նախապատրաստելու համար ժամանակ կտրվի:

Դրանից հետո ելույթ է ունեցել Արայիկ Հարությունյանի «պաշտպան» Անար Մամեդովը։ Նա դատարանին միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին։ Արցախի նախկին նախագահը պաշտպանել է «փաստաբանի» դիրքորոշումը։

Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:

Sputnik Արմենիա