Դատարանը լսողի դերում էր, լսում էր կողմերի փաստարկները, և այս պահին դժվար է գնահատել դատարանի վարքագիծը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 7–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Անդրադառնալով Ծառուկյանին առաջադրված մեղադրանքին, նա հայտարարեց, որ այստեղ մեղադրանքի մասին ընդհանրապես խոսք չկա. «Իրենք ասում են՝ իբրև թե Ծառուկյանը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նկատմամբ խարդախություն, նրանցից հափշտակություն է արել և փողերի լվացում է կատարել, բայց մենք դատարանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որ հենց իրենք են պարտք Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձել, պարտավորվել են մինչև 26 թվականը վերադարձնել, հիմա չեն վերադարձնել և այս վարույթները, ըստ էության, շանտաժի հետ կապված սկսել են։
Մենք հիմնավորեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դատարանի որոշումով, որ իրենք այս նույն պրոցեսը այնտեղ են նաև սկսել և այնտեղի դատարանը արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիաիրավական գործընթացներ են և իրենց համապատասխան իրավասու պետական մարմինները արձանագրել են, որ Իրանի քաղաքացիների հայտարարածների հիմնական մասը չի համապատասխանել իրականությանը և ըստ էության, սուտ է։
Ասում են՝ որոշակի ընկերությանը պատկանող գույքը հափշտակել եք խարդախությամբ, մենք ասում ենք՝ այդ գույքը հիմա ո՞ւմ է պատկանում։ Ասում են՝ այդ նույն ընկերությանը։ Ասում ենք՝ լավ, այդ ընկերության գույքն է, պատկանում է այդ ընկերությանը, ո՞նց են հափշտակել, դե հափշտակվել է։ Հափշտակությունը, խարդախությունը դա այն է, որ դու այդ ընկերության կամ անձի սեփականությունից դուրս ես հանում, դարձնում ես քոնը։ Բայց հիմա այդ գույքը պատկանում է այդ ընկերությանը, որի 50% սեփականատերը Իրանի քաղաքացին է»,–ասաց նա։
Երեմ Սարգսյան հիշեցրեց, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել երկրից մեկնել և այս գործով մեղադրանք են ներկայացրել՝ բացակայելու արգելք խափանման միջոց. «Դրա դեմ բողոք են ներկայացրել՝ նշելով, որ քանի որ նա եղել է պատգամավորի թեկնածու, ԿԸԸ-ի թույլտվություն էր պետք անձեռնմխելիությունը հաղթահարելու, որից հետո միայն կլիներ մեղադրանքը օրինական, առանց դրա ապօրինի է։ Դատախազը բավարարել է այդ բողոքը և արձանագրել է, որ այո, ապօրինի է մեղադրանքը։ Բայց մինչև ամսի 6–ը այդ որոշումը չեն ներկայացրել ոչ քննիչին, ոչ մեզ, սահմանի այդ սահմանափակումը չեն վերացրել և ամսի 6–ին ձերբակալել են։
Այս բոլոր ապօրինությունները վկայում է, որ այստեղ մենք գործ չունենք իրավական պրոցեսների հետ։ Իրենք անում են այն, ինչը որ հրապարակային հայտարարվել է, որ պետք է արվի ու շարունակական անում են»,–ասաց նա։
Նշենք, որ այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանը նախապես կտեղեկացնի հրապարակման որոշման հրապարակման մասին։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։
Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։
Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։
Ծառուկյանի փաստաբանն էլ երեկ մեղադրանքը «աբսուրդային ու ծիծաղելի» էր որակել՝ նշելով. «Էնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, էս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի»։
News.am
