ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է այսօր՝ հունիսի 9-ին, սակայն դատախազությունը չի դիմել ԿԸՀ՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ևս տարակուսանք հայտնեց այդ առնչությամբ, նշեց՝ որևէ մեկն իրենց չի հրավիրել ԿԸՀ, որևէ գործընթացով չեն անցել, փաստացի Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի թեկնածուի՝ սահմանադրական օրենքով ամրագրված անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումն ապօրինի է։
Քրեական հետապնդման որոշումն արդեն ներկայացվել է Ծառուկյանին, վերջինս դիրքորոշում ներկայացրել է։ Նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված՝ փաստաբանը գործի փաստական հանգամանքներին չանդրադարձավ, բայց վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ, իրեն մեղավոր չի ճանաչում և փաստակազմի տեսանկյունից բացահայտ անհիմն մեղադրանք է, որևէ ապացույցով չհիմնավորված։ Փաստաբանը հայտնեց, որ իրավական գործընթացներ լինելու են, օրենսդրության շևջանակներում պաշտպանության մարտավարությունը կառուցելու են, ինչու ոչ՝ կվիճարկեն նաև քրեական հետապնդման հարուցումը։ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ինչ վերաբերում է երկրից դուրս գալուն, ապա Խաչատրյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն ունեցել է երեք օրով հրավեր, նախկինում պլանավորված այցելություն է եղել, հասնելով օդանավակայան և տեսնելով ինչ-որ անառողջ շարժ, ավելորդ շահարկումներից խուսափելու համար, որ այնպես չստացվի, թե իրեն չեն թույլ տվել մեկնել, չեղարկել է այցելությունը և վերադարձել։ Քաղաքական գնահատականներից փաստաբանը զերծ մնաց։
Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը «Զվարթնոց» օդանավակայանում էր և տեղում է պարզել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում կա, ավելին՝ սահմանափակումներ կան ելքի։ Պարզվել է, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նրա նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը), որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
