«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը։
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` նա և ևս մեկ անձ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելու մեջ։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում հուլիսի 6–ին ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։ Դրանից հետո Ծառուկյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6–ի վաղ առավոտյան ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
ՀՀ քննչական կոմիտեից նաև հայտնել էին, որ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը դատապարտել են Ծառուկյանի դեմ սկսված այս գործողությունները` դրանք որակելով որպես քաղաքական հաշվեհարդար։
Sputnik Արմենիա
