Հայաստանում գործում է հանցավոր սխեմա, որի շրջանակում իշխանությունները վերևից ճնշում են գործադրում ուսումնական հաստատությունների տնօրենների վրա, որպեսզի վերջիններս ուսանողներին և դասախոսներին ներգրավեն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչությանը։ Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրա մասին հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Ուսումնական հաստատությունների տնօրեններն իրենց հերթին նույնն են հանձնարարում դասախոսներին։ Իշխանությունները, ջրից չոր դուրս գալու համար, ծառայողական քննություններ են նշանակում, որպեսզի իրենց անունները չշրջանառվեն։ Ուսումնական հաստատությունների աշխատակիցները ներգրավված են հանցավոր գործունեության մեջ։ Ներկա իշխանությունները գործում են նույն սխեմայով, ինչ նախկինները, ուղղակի սրանք թաքնվում են ժողովրդավարության և խաղաղության կարգախոսների հետևում։
Ուզում եմ հարցնել գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի ղեկավարին. այն մարդիկ, որոնք ղեկավարում են կառավարող կուսակցության քարոզարշավը (Նիկոլ Փաշինյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան), ձերբակալվելո՞ւ են։ Նրանք պետք է կանչվեն հարցաքննության և ձերբակալվեն»,- նշել է Թաթոյանը։
Նա անդրադարձել է նաև Ապարանի ուսուցիչներին կառավարող կուսակցության քարոզչությանը ներգրավելու վերաբերյալ NEWS.am-ի հրապարակմանը։
Թաթոյանը պարզաբանել է, որ Փաշինյանը, չունենալով դրա իրավունքը, հայտարարել է, թե ինքը հանձնարարել է դպրոցների տնօրեններին ազատման դիմումներ գրել։ «Դու ո՞վ ես, որ դպրոցի տնօրեններին ազատես։ Բացի դրանից, ո՞վ է քննություն վարելու։ Մարզպետնե՞րը։ Նրանք իրենք են ներգրավված այդ գործընթացում»,- հավելել է Արման Թաթոյանը։
