Логотип

ԵԱՏՄ-ն 350 մլն ռուբլի սուբսիդիա կդրամադրի համատեղ կոոպերացիոն նախագծերին մասնակցելու համար

Հինգ տարի ժամկետով տարեկան առավելագույնը 350 մլն ռուսական ռուբլի սուբսիդիա կտամադրվի ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրի, եթե նրանք ցանկանան մասնակցել ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ծրագրի ֆինանսական աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ԵԱՏՄ անդամ պետության կողմից միության բյուջե վճարված միջոցների հաշվին։

Նշվում է, որ համատեղ այս ծրագրի իրականացմանը կարող են մասնակցել 3 կամ ավելի միության անդամ երկրներ։

«Համատեղ կոոպերացիոն այս ծրագրերի նպատակն է նպաստել մասնակից կողմերի համագործակցության արդյունավետության բարձրացմանը, արտադրական գործընթացների օպտիմալացմանը և տեխնոլոգիական կարողությունների ընդլայնմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Որոշման մեջ նաև ասված է, որ ընդունված արձանագրության դրույթները համահունչ են գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կոոպերացիայի խթանմանն ուղղված միության ռազմավարական նպատակներին և պարունակում է հնարավորություններ ՀՀ տնտեսության զարգացման համար կարևոր ուղղություններով համաֆինանսավորման ներգրավման համար։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Sputnik Արմենիա