Логотип

Ինչո՞ւ չի հրապարակվել նոր Սահմանադրության նախագծի տեքստը. նախարարի պատասխանը

Նոր Սահմանադրության նախագծի տեքստը դեռևս պատրաստ չէ հրապարակման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով` հունիսի 9–ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում քննարկվել է նաև Սահմանադրության նախագիծը։

«Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը։ Սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրա՞ստ ենք հրապարակել նոր Սահմանադրության նախագծի տեքստը, թե՞ ոչ»,–Ասաց Գալյանը։

Լրագրողի հարցին, թե ինչու նոր Սահմանադրության նախագծի տեքստը չհրապարակվեց մինչև ընտրությունները, Գալյանը շեշտեց, որ տեքստը պատրաստ չէ և տեքստը հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ։

«Որոշել ենք չհրապարակել` չենք հրապարակել, կորոշենք հրապարակել` կհրապարակենք։ Սա է իմ պատասխանը»,–ասաց Գալյանը։

Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։

Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:

Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։

Sputnik Արմենիա