Логотип

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Թրամփին կոչ է արել հարգել իր երկրի ժողովրդին

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքները՝ ուղղված իրանցի ժողովրդին։

«Խենթ ամերիկացի նախագահին, ով այսօր սպառնաց 91 մլն իրանցիների, ես կասեի. ավելի վաղ, լինելով 250-ամյա պատմություն ունեցող արմատազուրկ երկրի նախագահ, դուք նմանատիպ արտահայտություններով խոսում էիք մի քանի հազար տարվա պատմություն ունեցող Իրանի քաղաքակրթության ոչնչացման մասին։ Ձեզ համար միակ արդյունքը եղան պարտությունը, անօգնականությունը և բանակցությունների ու հրադադարի մասին հուսահատ աղերսանքները»,- գրել է Զոլղադրը X սոցիալական ցանցում։

Նա ընդգծել է, որ իրանցիները սպառնալիքների լեզվին սովոր չեն։

«Ուստի դիմեք իրանցի ժողովրդին հարգանքով, հակառակ դեպքում մենք ձեզ այլ կերպ կպատասխանենք»,- նախազգուշացրել է բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը լրագրողներին հայտարարել էր, որ Վաշինգտոնը «կամ գործարք կկնքի» Թեհրանի հետ, կամ «կավարտի գործը» Իրանում։

«Լսեք, մենք այս կամ այն կերպ կհաղթենք»,- երկուշաբթի Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։

«Մենք կա՛մ գործարք կկնքենք, կա՛մ կավարտենք գործը։ Գործն ավարտելը դժվար չի լինի»,- ասել է նա։

News.am