Логотип

Իրավաբանությա՞ն, թե՞ «ֆռռաբանության» ֆակուլտետն է ավարտել. սրբազանը` ՔԿ նախագահի մասին

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հերթական դատական նիստի ժամանակ բարձրաձայնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հայտարարությունների հակասության մասին։ Սրբազանը, դիմելով դատարանին, հիշեցրեց, որ ՔԿ-ն հայտարարել է, թե քրեական գործի ապացույցներից մեկը խմբի կողմից ձեռագիր գրված «ահաբեկչության պլանն» է։

Նշենք, որ 2025 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե գրավոր ապացույցներ կան, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող անձինք իրենք իրենց արարքը որակել են որպես ահաբեկչություն։

«Անցած հինգշաբթի, երբ մենք այս դատարանում նիստի էինք, Քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հայտարարել է, որ երբ ասել է՝ իր ձեռքով գրված, նկատի է ունեցել ոչ թե իմ ձեռքով գրված, այլ խմբից մեկի ձեռքով գրված։ Հիմա ասում եմ՝ անգամ եթե խմբի անդամի ձեռքով է, թող բերի ու փաստի. դա էլ չի կարող անել։ Ինչ վերաբերում է նրան, թե իբր ինձ չէր վերաբերում ասվածը, դա արդեն «դարակազմիկ» է, քանի որ Աննա Գրիգորյանի (ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր–խմբ.) հետ փակ հանդիպման ժամանակ էլ է ուղիղ հղում արել իմ ու Հովհաննես Ավետիսյանի անվանը։ Հիմա Քննչական կոմիտեի ղեկավարն իրավաբանությա՞ն, թե՞ «ֆռռաբանության» ֆակուլտետն է ավարտել»,– ասաց սրբազանը։

Բագրատ սրբազանը, դիմելով նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին ու գործով հանրային մեղադրողներին, կրկին կասկածի տակ դրեց գործի նախաքննությունը, հետևաբար նաև կցված ապացույցների ճշգրտությունը։

«Պատվարժան դատարան, դուք բա՞ն եք հասկանում, հանրային մեղադրողներ, հասկանո՞ւմ եք»,– հռետորական հարցադրում արեց Գալստանյանը։

Sputnik Արմենիա