Логотип

Լավրով․ Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կդիտարկի պատժամիջոցների կիրառման հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից անդամավճարները չմուծելու պատճառով ՀԱՊԿ-ը կդիտարկի կազմակերպության Կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը վերաբերում է իրենց պարտավորությունները չկատարող անդամ պետություններին։

«Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկել ենք այդ հարցը։ Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի պարտք է ՀԱՊԿ բյուջեին, իսկ նման իրավիճակները նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվել ենք դիտարկել ՀԱՊԿ Կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,- լրագրողներին ասել է Լավրովը։

ՀԱՊԿ Կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե որևէ անդամ պետություն երկու տարի շարունակ չի վճարում կազմակերպության բյուջեի իր պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կասեցնում է այդ երկրի քաղաքացիներին քվոտավորված պաշտոններում առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկում նրան ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Բացի այդ, Կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը չի կատարում Կանոնադրության դրույթները, Խորհրդի կամ կազմակերպության մյուս մարմինների որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը կառույցի աշխատանքներին կամ հեռացնել նրան կազմակերպությունից։ Այս դեպքում տվյալ պետության վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։

News.am