Ընդհանուր առմամբ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը։ հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նա հայտնել է, որ, ի թիվս այլոց, կնքվել են նաև Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ» և «Մուլտի Ռեստ Ռեզորթ» ռեստորանային համալիրները, «Ռոյալ Սքայը», ինչպես նաև Աբովյանի խճուղու վրա գտնվող «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրը։
«Այսօրվանից շուրջ 7000 աշխատակից գտնվում է հարկադիր պարապուրդում։ Հասկանալի է, որ այս գործողությունները տնտեսական ահաբեկչության տարրեր են պարունակում»,-նշել է Տոնոյանը։
Նա հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի տանը խուզարկությունները մոտենում են ավարտին, իսկ տան տարածքում գտնվող կենդանիներին տեղափոխել են այլ վայր։
News.am
