Логотип

ԿԸՀ-ն մեկնաբանել է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիության մասին հայտարարությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին հայտարարությունը։

ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը Factor.am-ին հայտնել է, որ ԿԸՀ-ն ստուգել է Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։

«ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ-ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը, որոնք թեկնածուներին տրամադրվում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,-նշել է խոսնակը։

ԱԺ նախագահ, ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը փաստաթուղթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:

Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։

Armenia Today