«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ Թուրքիայում սովորած և այդ երկրի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչներ կան, հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի, որպեսզի վերհանի Թուրքիայի գործակալներին։ Երևանի Աջափնյակ վարչական համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում են համապատասխան հարցումներ անել` պարզելու «The Insider» լրատվամիջոցի հրապարակման իսկությունը։
«The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում է արել, ըստ որի` Սամվել Կարապետյանը ՌԴ–ում արտասահմանյան անձնագիր է ստացել 1999 թվականին, և, ըստ արտահոսած տվյալների, նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։
«Մենք պետք է հարցում կատարենք, ու հայկական հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի` պարզելու համար իշխող կուսակցության մեջ Թուրքիայում սովորած, Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչների անցյալի մասին տեղեկություններ, որպեսզի հնարավորություն ունենանք գործակալներին վերհանել, մեր երկիրն այսօրվա բերողներին վերհանել։ Դա առաջնային խնդիր է»,– ընդգծեց Կարապետյանը։
Նա նշեց` ամենակարևորն այն է, որ հասարակությունը վստահ լինի` իրենց ընտանիքի անդամները միշտ զբաղվել են գործարարությամբ։
«Ինչ վերաբերում է քաղաքական շրջանակներում ծվարած, Թուրքիայում կրթություն ստացած գործիչներին, որոնք նաև քաղաքական ազդեցություն ունեն հայ–թուրքական բանակցությունների վրա, մենք պետք է հետաքննենք, տեսնենք` ինչպես է եղել, որ մարդը Թուրքիայում կրթություն է ստացել, հերքում է, որ այնտեղ կրթություն է ստացել։ Ալեքսանյան Ալիկն այդ մասին տվյալներ է հրապարակել, որից հետո նա (ակնարկում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին. խմբ.) անգամ չի բարեհաճել մեր հասարակությանը պատասխանել, թե ինչու է խաբել»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը դեռ անցած տարի հայտարարել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը 2017–18 թթ. սովորել է Ստամբուլի համալսարանում և զբաղվել «գիտական գործունեությամբ»։ Նա նշել էր նաև, որ Թուրքիա աշխատանքի մեկնող հայերը, որպես կանոն, գտնվում են թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։
Ռուբինյանն իր հերթին հերքել էր այդ լուրը` պնդելով, թե Թուրքիայում երբեք չի սովորել, 3 երկրում է կրթություն ստացել՝ Երևանում, Անգլիայում և Լեհաստանում:
Sputnik Արմենիա
