Օրեր առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզի Շնող բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չանելու հետ կապված հայտարարությունը սկզբունքորեն հակասում է այն պաշտոնական փաստաթղթին, որով իշխող ուժը գնում է ընտրությունների։ Հանդիպելով ընտրողների հետ՝ վարչապետը պնդում էր, թե իրենց թիմը երբեք չի գործել և չի գործելու ընդդեմ Ռուսաստանի շահերի։ Սակայն Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտած նոր դրույթները բոլորովին այլ իրողության մասին են փաստում՝ բացահայտ հակասելով թե՛ վարչապետի վերջին խոսքերին, և թե՛ կուսակցության՝ 2021 թվականի նախընտրական ծրագրի դրույթներին:
NEWS.am-ն ուսումնասիրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 և 2026 թվականների նախընտրական ծրագրերը՝ արձանագրելով, թե արտաքին քաղաքական վեկտորների վերանայման համատեքստում ծրագրային դրույթների ինչպիսի էվոլյուցիա է գրանցվել։
Եթե համեմատենք 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագիրը 2026 թվականի հերթական ընտրությունների նախընտրական ծրագրի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի Դաշնության և ռազմաքաղաքական դաշինքների հետ հարաբերություններում տեղի է ունեցել արմատական, սկզբունքային դիրքորոշման փոփոխություն՝ ռազմավարական խորը կապվածությունից անցում կատարելով դեպի հեռավորության պահպանում և հարաբերությունների վերաձևակերպում։
Ընդամենը հինգ տարի առաջ՝ 2021 թվականին, իշխող ուժը Հայաստանի անվտանգային ճարտարապետության հիմնասյունը տեսնում էր հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համատեքստում։ Այդ ժամանակ կուսակցությունը հատուկ շեշտադրում էր կատարում երկկողմ պայմանագրերի, Զինված ուժերի Միացյալ խմբավորման և հակաօդային պաշտպանության միավորված համակարգի կարևորության վրա, ինչպես նաև փաստում, որ հագեցվում են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները։ Ավելին, 2021 թվականի ծրագրում Սյունիքի մարզի անվտանգությունը բառացիորեն կապվում էր ռուսական ներկայության հետ, քանի որ նշվում էր Գորիսում և Սիսիանում ռուսական ռազմաբազայի հենակետերի հիմնման և պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների մասնակցության մասին։ Նույնպիսի հավատարմություն էր արձանագրվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որտեղ Հայաստանը պարտավորվում էր ակտիվորեն ներգրավված լինել և կատարելագործել կառույցի պայմանագրային բազան։
Այսօր՝ 2026 թվականի նախընտրական ծրագրում, այս ամբողջ ռազմաքաղաքական բաղադրիչը և դաշնակցային ուղղակի կախվածությունը դուրս են մղվել օրակարգից։ Նոր փաստաթղթում արդեն պաշտոնապես արձանագրվում է, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է, և իշխանությունը հստակեցնում է, որ այդ կառույցում ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվելու։ Սա նշանակում է սկզբունքային հրաժարում այն բազմակողմ անվտանգային համակարգից, որը տասնամյակներ շարունակ համարվում էր երկրի արտաքին քաղաքականության առանցքը։
Ինչ վերաբերում է անմիջապես Մոսկվայի հետ երկկողմ հարաբերություններին, ապա նախկին ռազմավարական-դաշնակցային և ռազմական ներկայության ընդլայնմանն ուղղված ձևակերպումներին փոխարինելու է եկել բոլորովին այլ բառապաշար։ Ներկայումս Ռուսաստանի հետ հարաբերությունները բնորոշվում են որպես «կառուցողական տրանսֆորմացիայի փուլում» գտնվող գործընթաց։ Իշխող ուժն այլևս չի խոսում համատեղ զորախմբերի կամ սահմանների համատեղ պահպանության մասին, այլ ձևակերպում է նոր նպատակ, այն է՝ զարգացնել բացառապես «փոխշահավետ կառուցողական հարաբերություններ»։ Այսպիսով, 2021-ի և 2026-ի ծրագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կատարել է դիրքորոշման կտրուկ շրջադարձ՝ Ռուսաստանին ավանդական անվտանգային երաշխավոր դիտարկելուց անցնելով հարաբերությունների սառեցման։
Ռուսստանի հետ հարաբերություններում շատ ավելի կտրուկ դիրքորոշում ունի ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցությունը, որը միակ քաղաքական ուժն է, որը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին, ինչին ՔՊ-ն մինչ օրս դեմ չի արտահայտվել: Նախընտրական ծրագրի անվտանգության դրույթում «Հանրապետություն» կուսակցությունն առաջարկել է դուրս գալ ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգից մինչև 2026-ի դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև դուրս գալ ՀԱՊԿ-ից մեկ տարվա ընթացքում՝ հնարավորություն տալով այլ պետությունների հետ դաշինքներ ձևավորել։
«ՌԴ-ի հետ կնքել առկա իրավիճակին համապատասխան, համագործակցության նոր և ընդգրկուն համաձայնագիր՝ չեղարկելով անկախացումից հետո կնքված համաձայնագրերը: Դուրս գալ ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից՝ տնտեսության անցնցում անցում ապահովելով մինչև 2031-ը», – ասված է «Հանրապետության» ծրագրում:
