Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իրավապահ մարմինները շարունակելու են ակտիվ աշխատանքը ընտրական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, և առաջիկայում սպասվում են նոր խուզարկություններ, ձերբակալություններ ու քրեական հետապնդումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ապագայում ընտրակաշառքի և ընտրական բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Պատասխանելով հարցին՝ Նահապետյանը նշել է, որ չի կարող պնդել, թե ընտրական հանցագործությունների 100 տոկոս բացահայտում է ապահովվել, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը գնահատում է արդյունավետ։
«Բնականաբար, չեմ կարող ասել, որ ունեցել ենք 100 տոկոս բացահայտման ցուցանիշ ընտրական հանցագործություններով, բայց միաժամանակ կարող եմ ասել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատել է արդյունավետ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ներկայումս կոմիտեում համալրված է 72 քննիչի և 78 օպերատիվ-հետախուզական աշխատակցի հաստիք, մինչդեռ թափուր հաստիքների թիվը հասնում է գրեթե 60-ի։
«Նման մարդկային ներուժի պայմաններում Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է 100-ից ավելի բացահայտում ամբողջ հանրապետության տարածքում և քննել շուրջ 115 քրեական վարույթ»,-նշել է Նահապետյանը։
Կոմիտեի նախագահը հայտնել է, որ ընտրական գործընթացների ավարտից հետո աշխատանքները ոչ միայն չեն դադարելու, այլև նոր փուլ են մտնելու։
«Մենք արդեն ունենք օպերատիվ մարմնում բացահայտված դեպքեր, որոնք դեռևս չեն հանրայնացվել, այսինքն՝ չեն գնացել բաց քննության փուլ, բայց առաջիկայում գնալու ենք և իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ և հետապնդումներ»,- հայտարարել է նա։
Նահապետյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է համագործակցել մյուս իրավապահ մարմինների հետ և ընտրական գործընթացների ավարտը չի նշանակում քննությունների ավարտ։
Նա հիշեցրել է, որ նախկինում ևս ընտրություններից հետո են արձանագրվել աղմկահարույց բացահայտումներ։
«Մենք ունենք այդ փորձը, որ, օրինակ՝ Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ընտրություններից հետո ունեցել ենք բազմաթիվ բացահայտումներ և մոտ հինգ տասնյակի հասնող մեղադրյալներ, որոնք մեղադրվել են ընտրակաշառք տալու և ստանալու մեջ։ Այդ բացահայտումները կատարվել են ընտրական գործընթացներից հետո»,-նշել է ՀԿԿ նախագահը։
Նրա խոսքով՝ ներկայումս նույնպես կոմիտեն ամբողջ կազմով աշխատում է հանրապետության տարբեր մարզերում և ուղղություններով՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նոր տվյալներ հավաքելու և ստուգելու նպատակով։
«Վստահեցնում եմ, որ մենք կունենանք նոր բացահայտումներ այս առումով»,-ընդգծել է Նահապետյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նաև նշել է, որ նույնիսկ տարիներ անց ստացված տեղեկությունները չեն անտեսվելու։
«Եթե անցնեն տարիներ, և մենք ստանանք ընտրական հանցագործությունների կամ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ նոր տվյալներ, դրանք ստուգելու ենք ողջ գործիքակազմի կիրառմամբ և գնալու ենք քրեական հետապնդումների»,-եզրափակել է նա։
