«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել, պահանջը հրապարակային հերքումն է և 6 միլիոն դրամը՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Մայիսի 11-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել երեկ՝ մայիսի 14-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։
Մայիսի 7-ին իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն ասել էր, թե իր ինֆորմացիայով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։ Կարապետյանը նաև ասել էր, թե կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ երբ ԱԺ-ում ամբիոն է բարձրանում, օգտագործում է այդ սնկերից։
Հայցադիմում նշվում է, թե այս տեղեկություններն ամբողջությամբ զրպարտություն են, ուստի է հրապարակային հերքման և գումարային հատուցման պահանջ է ներկայացվել։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ Սամվել Կարապետյանին նրա հայտարարության համար։
Sputnik Արմենիա
