Логотип

Մանուկյան․ Ծառուկյանի գործը քննում է նույն դատավորը, որը Թևանյանի նկատմամբ կալանք կիրառեց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը քննում է այն նույն դատավորը, որը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրեց։ Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցի հարցը քննելու է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր մամուլում գրվեց, որ այդ դատավորի տիկինն էլ աշխատում է ԲԴԽ–ում, արդեն պարզ է, թե ինչ որոշում ինքը պիտի կայացնի։ Առնվազն մի քանի ժամից մենք արդեն կտեսնենք, նա այդքան համարձակություն կգտնի՞ իր մեջ դեմ գնալու ապօրինի հրահանգին, թե՞ կդասվի այն դատավորների շարքին, ովքեր Նիկոլ Փաշինյանի ասածին չեն կարողանում ասել չէ»,–նշեց Մանուկյանը։

Նա վստահ է, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդների դեմ այս գործերը «կարված են» Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով, և քննչական կոմիտեն ամեն ինչ կարող է գրել շոուն ապահովելու համար։

Անդրադառնալով ԱԺ անցած ընդդիմադիր ուժերի` մանդատները վերցնելու որոշմանը, Մանուկյանը նշեց, որ ընդդիմությունն ինչ որոշում էլ որ կայացնի, պետք է շատ անկեղծ լինի քաղաքացիների հետ և բացատրի` ինչո՞ւ է էդ քայլին գնում, ի՞նչ է անելու դրանից հետո։

«Անկեղծ լինենք` ընդդիմադիր զանգվածն իր ձայնը ընդդիմությանը տվել է ոչ թե ընդդիմություն լինելու, այլ իշխանափոխություն իրականացնելու համար։ Հիմա արդյոք իրենց բավարարում է այդ բացատրությունը և ճանապարհային քարտեզը։ Գնահատականը թող տա ժողովուրդը»,–ասաց ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածուն։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը հուլիսի 6–ին ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Գագիկ Ծառուկյանն ու ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։

Sputnik Արմենիա