Логотип

Մեսրոպ Մանուկյան․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն 60 միլիոնով ավելի է վճարել դիզվառելիքի համար

«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ն ձեռք է բերել մեծ քանակի դիզվառելիք` շուկայականից էական բարձր գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով` մայիսի 6-ին ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերել 500 հազար լիտր դիզվառելիք մեկ լիտրը 545 դրամով։ Ներկայում Երևանի բենզալցակայաններում դիզվառելիքի մեկ լիտրի արժեքը 510-520 դրամ է։ Պնդում է` մեծածախ գնման դեպքում նաև 15-20 տոկոս ցածր արժեքով է հնարավոր այն ձեռք բերել։

«Սա ես ասում եմ որպես ընկերության տնօրեն, որը և՛ դիզվառելիք և՛ բենզին է ձեռք բերում ընկերության համար։ Ստացվում է էս մարդիկ մեկ լիտրը ձեռք են բերել շուրջ 120 դրամ ավելի թանկ։ Այսինքն` մոտ 60 միլիոն դրամ թանկ են ձեռք բերել»,– նշեց Մանուկյանը։

Նա դիմեց իրավապահներին, որ իր ներկայացրածն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում։

Sputnik Արմենիան փորձեց հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանից, սակայն պատասխան դեռևս չկա։