Логотип

Նարեկ Կարապետյանի պատասխանը Սուրեն Պապիկյանին, թե ինչու չեն «զոհվել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գործող իշխանություններն իրենց կառավարման հենց առաջին օրվանից մահ են բերել հայոց հողին։ Այսօր վարչապետն ու պաշտպանության նախարարը լկտիաբար հանդիմանում են ողջ մնացած տղաներին՝ թե ինչո՞ւ չեն զոհվել պատերազմում, մինչդեռ մեր թիմի միակ նպատակը կյանքն է, երեխաների ծնունդն ու Հայրենիքի տնտեսական վերածնունդը։ Այս մասին մայիսի 21-ին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Իր ելույթի սկզբում նա խորին հարգանքի տուրք է մատուցել ընկած հերոսների հիշատակին։ Այցի սկզբում նրանք ծաղիկներ են խոնարհել Հայաստանի համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկների հուշարձանին։ Կարապետյանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցում նրանք հրապարակայնորեն հարց էին հնչեցրել, թե ինչո՞ւ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ու շարքային քաղաքացիներ չեն զոհվել Լեռնային Ղարաբաղում մղված մարտական գործողությունների ժամանակ։ Նա ընդգծել է, որ Փաշինյանը մահվան մասին այդ ամոթալի թեզը հնչեցրել է Վանաձորում՝ այն վայրից ընդամենը 500 մետր հեռավորության վրա, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ավելի վաղ կառուցել ու Լոռու մարզին էր նվիրել ժամանակակից խոշորագույն ծննդատունը։ Ըստ բանախոսի՝ այս դրվագն ակնառու կերպով ցույց է տալիս երկու ճամբարների տարբերությունը. քանի դեռ գործող վերնախավը շահարկում է հազարավոր զոհերի թեման ու պղծում նրանց հիշատակը, «Ուժեղ Հայաստանը» արարում է և մտածում ապագայի մասին։

Նարեկ Կարապետյանը ցավով նշել է, որ Վազգեն Սարգսյանը հազիվ թե պատկերացներ, որ 20 տարի անց պաշտպանական գերատեսչության իր աթոռին կհայտնվի մի պատահական մարդ, ով որևէ պատկերացում չունի սպայի պատվի մասին։ Նա հավելել է, որ Փաշինյանն իրեն պահում է ոչ թե որպես «ազգի հայր», այլ որպես կոմպլեքսավորված դեռահաս, ով մշտապես պառակտում է սերմանում, կանանց հետ շփվելիս ձայնն է բարձրացնում ու գոռգոռում, իսկ աշխատունակ երիտասարդությանը մղում է արտագնա աշխատանքի։

Անդրադառնալով սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Արագածավանի հսկայական հնարավորությունների մասին, որի այցեքարտն իր ծիրանի այգիներն են։ Ընդդիմադիր գործիչը վստահեցրել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը վերջակետ կդնի բերքի իրացման չարչարված հարցին. այսօր գյուղացին ստիպված է իր քրտինքով ստացած բարիքը կոպեկներով՝ ընդամենը 100-150 դրամով վաճառել։ Որպես լուծում՝ նա առաջարկում է պետական հոգածությամբ հիմնել մթերման կետեր ու հզոր սառնարանային տնտեսություններ։ Դրանք գյուղացուց բերքը կգնեն նախապես սահմանված բարձր գնով, իսկ պետությունն իր հերթին կապահովի դեպի Ռուսաստան անխափան արտահանումը՝ արագ կարգավորելով «Վերին Լարսի» անցակետում առաջացող խցանումները։

Բացի այդ, Կարապետյանը նշել է, որ համայնքի զարգացման գործում բեկումնային նշանակություն կունենա տեքստիլ արդյունաբերության հսկայական տեխնոպարկի հիմնումը։ Դա թույլ կտա տեղի կանանց ապահովել կայուն աշխատանքով ու արժանապատիվ վարձատրությամբ՝ դառնալով հզոր Արագածոտնի և տնտեսապես անկախ Հայաստանի հիմնաքարը։

News.am