Логотип

Նոր մանրամասներ «Սուրմալուի» պայթյունի գործով դատական նիստից

2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով դատական գործընթացը վերսկսվել է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քրեական դատարանից։

«Երկու վարույթը միավորվել են ավելի քան 200 հատորից բաղկացած մեկ գործում։ Գործով նախնական լսումներն ավարտվել են, և այն դատաքննության փուլում է։ Դատավարությունը կընթանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ», – ասացին դատարանից:

Գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին «Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստներից մեկում բռնկված հրդեհը հակահրդեհային համակարգերի անսարքության պատճառով չի հաջողվել մեկուսացնել (պահեստում պահվում էր հրատեխնիկա – խմբ)։ Պայթյունի հետևանքով զոհվել է 18 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ: Պայթյունը նաև զգալի նյութական վնաս է պատճառել. փլուզվել են բուն առևտրի կենտրոնի և հարակից շենքերի պատերը, վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, ինչպես նաև ապրանքներ և այլ գույք: Նյութական վնասի ընդհանուր ծավալը գնահատվել է մոտ 3,6 մլրդ դրամ (9,2 մլն դոլար)։

Առևտրի կենտրոնում 2021 թվականի ապրիլի 6-ի հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ի պայթյունի գործերով 2024 թվականի դրությամբ Քննչական կոմիտեն մեղադրական եզրակացություն է տվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի («Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ) տնօրեն Իրինա Մադաթովային և առևտրի կազմակերպման գծով նրա տեղակալ Վարդան Մանուկյանին։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։