Логотип

Ո՞վ է մեր վարկերը վճարելու. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները պահանջում են վերաբացել գործարանը

«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով վերականգնել գործարանի աշխատանքը։

Գործարանի հումքի նախապատրաստման արտադրամասի հերթափոխի պետ Արայիկ Ավդալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործարանի չաշխատելու հետևանքով աշխատակիցները կանգնելու են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։

«Գործարանի չաշխատելու հետևանքն այն կլինի, որ ֆինանսական շատ լուրջ խնդիրներ կունենանք։ Ես սա ասում եմ բոլոր աշխատակիցների անունից։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու են այս գործարանը կապարակնքել ու մի կողմ նետել՝ թքած ունենալով այս քաղաքի ժողովրդի վրա։ Եթե նույնիսկ ուզում են պետականացնել, ինչո՞ւ են գործարանի աշխատանքը կանգնեցրել»,- ասաց նա։

Ավդալյանի խոսքով՝ աշխատակիցներն օրավարձով են աշխատում և գործարանի պարապուրդի պատճառով զրկվում են եկամտից, մինչդեռ շատերն ունեն վարկային և հիփոթեքային պարտավորություններ։

«Այս մարդիկ իրենց օրական աշխատավարձն են կորցնում, բանկերում ապառիկներ, հիփոթեքներ ունեն։ Ո՞վ պետք է վճարի, ի՞նչ անենք»,- նշեց նա։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ գործարանի փակման հետևանքով մարդիկ չեն կարողանում կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները։

«Խոսում էին բռնատիրական երկրից, հիմա ավելի բռնատիրական է դարձել։ Ո՞վ է գալու իմ վարկերը մուծի։ Թող դուռը բացեն, աշխատողները աշխատեն, իրենք էլ իրենց հարցերը լուծեն։ Իսկ հիմա իմ հարցը ո՞վ է լուծելու։ Գործարանի դուռը փակելով ի՞նչ են ուզում ասել։ Դրանով իրենց դեմքն են ցույց տալիս։ Ժողովրդավարությունն այդպես չի լինում»,- ասաց նա։

Aysor.am