Логотип

«Ուժեղ Հայաստանը» զրպարտության համար դատի է տալու ՔՊ-ականներին

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը սկսելու է դատի տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` ապատեղեկություն տարածելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ: Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել»,– գրել է Ղահրամանյանը։

Խոսնակը տեղեկացրել է, որ փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ Ղահրամանյանի խոսքով` ՔՊ–ից դատական կարգով գանձվող գումարնեը կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար:

«Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում»,– գրել է նա:

Sputnik Արմենիա