«Ուժեղ Հայաստան» դաշինքը պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցում հաշվի կառնի ընտրողների կարծիքը։ Այս մասին հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքական ուժի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական որոշում դեռ չկա, և հարցի շուրջ լայն քննարկումներ չեն իրականացվել։ Որոշում կայացնելու համար անհրաժեշտ է սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին, քանի որ քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում կարող են բազմաթիվ ճշգրտումներ լինել, որոնք կարող են փոխել պատկերը։ Մասնավորապես, դա կարող է ազդել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ անցողիկ շեմը հաղթահարելու հարցի վրա։ Մելոյանը նաև նշել է, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնի ձայների 3/5-ի մեծամասնությունը, ապա այլևս չի կարողանա միանձնյա որոշումներ կայացնել՝ սկսած գլխավոր դատախազի նշանակումից մինչև միջազգային պայմանագրերի վավերացում։ «Մենք գիտենք սպասվող իրադարձությունների մասին, օրինակ՝ նոր Սահմանադրության ընդունումը կամ անկլավների, մասնավորապես՝ Տիգրանաշենի հարցը», – ընդգծել է Մելոյանը։
Նա հավելել է, որ քարոզարշավի ընթացքում բազմաթիվ փորձագիտական գնահատականներ են հնչել «Ուժեղ Հայաստան»-ի հաղթելու շանսերի վերաբերյալ։ Անդրադառնալով մանդատներից հրաժարվելու հնարավորությանը՝ նա ընդգծել է, որ քաղաքական ուժը հաշվի է առնելու իր ընտրողների ցանկությունը։ «Որովհետև սա առաջին հերթին պատասխանատվություն է։ Խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմություն լինելու կարգավիճակը որոշելիս պետք է հաշվի առնել լիազորությունների շրջանակն ու սեփական հնարավորությունները, ինչպես նաև այն, թե որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի»,- նշել է կուսակցության ներկայացուցիչը։
«Քաղաքացուն թույլ չտվեցին ազատորեն իր կամքն արտահայտել։ Եթե միջամտության նման ծավալներ չլինեին, պատկերն այլ կլիներ»,- հայտարարել է Գոհար Մելոյանը։
News.am
