Логотип

ՌԴ ԱԳՆ․ Նարեկ Կարապետյանը չի ունեցել և չունի Ռուսաստանի քաղաքացիություն

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչ Նարեկ Կարապետյանը երբևէ չի ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Դրա մասին նա ասել է Մոսկվայում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ մի շարք հայ քաղաքական գործիչների վերաբերյալ տարածվում է անարժանահավատ տեղեկատվություն։

«Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը, երբեք չի ունեցել ռուսական քաղաքացիություն, սակայն պնդումներ են արվում, թե նա իբր ունեցել է և ունի այն»,- նշել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր անհայտ ծագման մի փաստաթուղթ և հարց բարձրացրել. «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։ Այս գրառումից կարճ ժամանակ անց Նարեկ Կարապետյանը հայտարարել էր. «Ալեն Ռոբերտովիչ, մի՛ արեք նման բաներ։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից ես այլ քաղաքացիություն չունեմ, և իմ կյանքում Ռուսաստանում ավելի քիչ ժամանակ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։ Ուշ երեկոյան այս հարցին անդրադարձել էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դրա ներկայացուցիչները փաստել էին, որ ԿԸՀ-ն, օրենքով սահմանված կարգով, թեկնածուների գրանցման գործընթացում ստուգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի առաջին տեղը զբաղեցնող թեկնածու Նարեկ Կարապետյանի փաստաթղթերը՝ կապված նրա՝ բացառապես Հայաստանի քաղաքացիություն ունենալու հետ։

Բնական է, որ ԿԸՀ-ն կարող էր գրանցել նրան բացառապես ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման տրած տեղեկանքների առկայության դեպքում՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացիություն ունենալու և նրա տարածքում մշտապես բնակվելու վերաբերյալ, ինչն էլ արվել էր։ Այնուամենայնիվ, մայիսի 20-ի առավոտյան Քննչական կոմիտեն հայտնել է Նարեկ Կարապետյանի կողմից «այլ պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկատվությունը» թաքցնելու փաստով քրեական գործ հարուցելու մասին։

News.am