Логотип

Ռոսսելխոզնադզորը հայտարարել է նաև միրգ-բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև միրգ–բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտն այս մասին հայտարարել է «Վեստի» հաղորդաշարի եթերում։

Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից, քանի որ 96,2 միլիոն միավոր ծաղկային արտադրանքում կարանտինային օբյեկտների 135 դեպք է հայտնաբերվել, ինչը 2025 թվականին հայտնաբերված խախտումների ընդհանուր թվի 77%-ն է։ Սահմանափակումները գործելու են այնքան ժամանակ, մինչև ստուգումներ անցկացվեն ջերմոցային տնտեսություններում, և արդյունքները վերլուծության ենթարկվեն։

«Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ», – ասել է Դանկվերտը:

2026 թվականի մայիսի տվյալներով՝ Ռոսսելխոզնադզորը հայկական բանջարեղենում և մրգերում հայտնաբերել է վտանգավոր միջատներով ու բակտերիաներով վարակման 146 դեպք։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 21-ին հայտարարեց, որ կառավարությունը Ռոսսելխոզնադզորից պաշտոնական որևէ գրություն չի ստացել Հայաստանից ծաղիկների արտահանման ժամանակավոր սահմանափակման մասին։ Նույն օրը ռուսական գերատեսչությունը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ ընդգծելով, որ գրությունն ուղարկվել է ոչ թե նախարարություն, այլ տեսչական մարմին։

«Հայտնում ենք, որ գրությունը պաշտոնապես ուղարկվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին», — ասված էր հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները սկսել են վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև այս թեմային և ծաղիկների ներկրման սահմանափակումների հետ կապված իրավիճակն անվանեց «աշխատանքային»՝ նշելով, որ նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել։

Sputnik Արմենիա