Логотип

Սամվել Կարապետյան․ Եթե մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ը պետքական կառույց չէ, հետևություններ կանենք

Եթե պարզվեց, որ 2022թ․ իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերել և հիմա էլ ՀՀ-ի համար պետքական, աշխատող կառույց չէ, ապա շատ կարճ ժամանակում համապատասխան հետևություններ կարվեն։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Եթե տեսանք՝ անիմաստ կազմակերպություն է, իհարկե դուրս ենք գալու։ Բայց եթե այս իշխանությունները գիտեն, որ ՀԱՊԿ-ը անիմաստ կազմակերպություն է, արդեն քանի տարի է՝ գոռում են այդ մասին ու կարող են մեկ ստորագրությամբ դուրս գալ, պրծնել։ Բա ինչի՞ համար 4 տարի դուրս չեն գալիս։ Միգուցե իրենք չեն կարողանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, կամ Ալիևը, Էրդողանը թույլ չեն տալիս»,- ասաց Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իշխանության գալու դեպքում կփոխի՞ արդյոք ՀՀ-ի «սառեցված» կարգավիճակը ՀԱՊԿ-ում, այսինքն՝ Հայաստանը կվերականգնի՞ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, թե՞ կազմակերպությունից դուրս գալու որոշում կկայացնի։

Կարապետյանը հավելեց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ո՞ր կառույցը կամ պետությունն է լինելու այլընտրանքը, որովհետև այս պահին այդ ընտրությունը չկա։

«Վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է մեզ համար։ Մյուս պետությունների մասով այսքան վստահ չեմ կարող ասել, բայց կուսումնասիրենք, միգուցե մենք իրենցից ավելի շատ կարող ենք օգտվել։ Բայց չենք անելու էմոցիոնալ քայլեր, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար։ Ամեն քայլը շատ լուրջ ուսումնասիրելու ենք, մեծամտություն չենք անելու»,- ասաց Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ իշխանության գալուց հետո անգամ Նիկոլ Փաշինյանից է հարցնելու, թե ինչն էր խնդիրը։ Նա վստահ է` Փաշինյանի սխալներից մեկն էլ այն էր, որ փորձառու մարդկանց չէր հարցնում, թե ինչպես պատերազմ վարել։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է խորհրդակցել ՀՀ նախկին 3 նախագահների հետ (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, խմբ․)՝ Կարապետյանը նշեց՝ երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում՝ այո, իսկ տնտեսությանն ու դրա զարգացմանը վերաբերող հարցերում՝ ոչ։

Sputnik Արմենիա