ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի .պետական այցը Չինաստան անվանել է պատմական և նշանակալից: Այս մասին նա ասել է Պեկինի կենտրոնում գտնվող իր «Չժունանհայ» նստավայրի այգում Թրամփի հետ զբոսանքից հետո:
Չինաստանի առաջնորդը նշել է, որ այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են կառուցողական ռազմավարական կայունության չին-ամերիկյան հարաբերություններ կառուցել, ինչը կարելի է համարել կարևոր ձեռքբերում, ինչպես նաև բազմաթիվ արդյունքների են հասել հետագա համագործակցության զարգացման առումով:
Նրա խոսքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կոնսենսուսի են հասել կայուն առևտրային հարաբերությունների պահպանման հարցում:
«Մենք կոնսենսուսի ենք հասել կայուն առևտրատնտեսական հարաբերությունների պահպանման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ խնդրահարույց հարցերի պատշաճ կարգավորման շուրջ»,-ասել է Սի Ծինփինը:
Չինաստանի առաջնորդը նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան նպաստում է փոխադարձ վստահության խորացմանը և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:
Հ նախագահը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է կատարեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գնահատեն դժվարությամբ նվաճված դրական դինամիկան.:
«Երկու կողմերը պետք է պատշաճ կերպով իրագործեն ձեռք բերված կարևոր կոնսենսուսը, գնահատեն դժվարությամբ նվաճված դրական դինամիկան, ճշգրիտ հետևեն ընտրված կուրսին, վերացնեն խոչընդոտները և նպաստեն երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը»,-ասել է Սի Ծինփինը:
Դոնալդ Թրամփն իր հերթին իր այցը Չինաստան անվանել է հաջողված և անմոռանալի` նշելով, որ «ՉԺՀ առաջնորդի հետ բանակցությունների արդյունքում կնքվել են ֆանտաստիկ առևտրային գործարքներ»։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնել ամերիկյան ընկերություններում։
Նա նաև հավելել է, որ մեծագույն հարգանք է տածում Սի Ծինփինի նկատմամբ և անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում նրա հետ հանդիպմանը։
«Ես պատրաստ եմ պահպանել անկեղծ ու խորացված փոխգործակցությունը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ և անհամբերությամբ սպասում եմ Վաշինգտոնում նրա հետ հանդիպմանը»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով գտնվում է Չինաստանում:
Sputnik Արմենիա
