Логотип

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան»` Արամ Առաջինի և սրբազան հայրերի կատարմամբ

Վատիկան կատարած պաշտոնական այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Լևոն XIV պապի հետ ներկա է գտնվել ժողովրդի հետ ամենշաբաթյա հանդիպմանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսությունից։

Հռոմի Պապն իր խոսքում ասել է. «Այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու համար կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մինչև մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միությանը»։

Այնուհետև ժողովրդի ներկայությամբ Հռոմի Պապն ու Արամ Առաջինը ողջագուրվել են և փոխադարձ բարեմաղթանքներ հղելով միմյանց՝ հրաժեշտ տվել։

Հանդիպման ավարտին Արամ Առաջինն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգևոր հայրերը կատարել են «Կիլիկիա» երգը։