«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի աջակիցները հավաքվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ` սրբազանի ծննդյան 55–ամյակը շնորհավորելու։
Նրանք քայլերթով հասան Սուրբ Աննա եկեղեցի, այնուհետև վերադարձան ԱԱԾ-ի մոտ, որտեղ պաստառներով և «Լույսը հաղթելու է խավարին» վանկարկումներով շնորհավորում են արքեպիսկոպոսի ծննդյան 55–ամյակը։ Նրանք իրենց հետ նաև տորթ ու շնորհավորական նամակներ են բերել։
Ակցիային միացել են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց փաստաբանները, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և այլք։
Սրբազան պայքարի աջակիցները վառեցին տորթի վրայի մոմերը և երգեցին. «Ծնունդդ շնորհավո՛ր, սրբազան, Աստված օրհնի քեզ, սրբազան»։ Այնուհետ կտրեցին տորթն ու բաժանեցին հավաքվածներին։ Գեղամ Մանուկյանը խոստացավ նամակները փոխանցել Բագրատ սրբազանին։
«Յուրաքանչյուր քաղբանտարկյալ, այս դեպքում՝ Բագրատ սրբազանը, իր բանտախցում լինելով պայքարում է մեր իրավունքների համար։ Իրենք ամենաթանկը՝ ազատությունը, ծառայեցնում են պայքարին։ Ու մենք պարտավոր ենք նմանօրինակ ակցիաներով ու անդադար բարձրաձայնելով քաղբանտարկյալների հարցն ուշադրության կենտրոնում պահենք»,- ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ 2024թ. սրբազանը Հայաստանի պատմության ամենամարդաշատ բողոքի ակցիան է արել։ Ըստ նրա՝ նույնիսկ Փաշինյանին չի հաջողվել 2018թ. այդքան մարդ մեկտեղել։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսին «Սրբազան պայքարի» ղեկավարների մասնակցությամբ ձայնագրություններ հրապարակեց, որոնցում լսվում է նաև Բագրատ սրբազանի ձայնը. «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու դնում ես բանտը։ Գնդակահարում ես, ընտանիքներին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն»։ Օգոստոսի 11–ին Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը ներկայացրեց ձայնագրությունների չմոնտաժված տարբերակը։
Sputnik Արմենիա
