Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց, հացադուլ է հայտարարել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Օսիպյանը ձերբակալվելու պահից գտնվում է հացադուլի մեջ»,– ասաց փաստաբանը։
Հովհաննիսյանի խոսքով` Արթուր Օսիպյանն առողջական խնդիրներ ի սկզբանե ունեցել է։
«Բժշկական փաստաթղթերը փոխանցվել են դատարանին»,– ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ այս պայմաններում հացադուլը է՛լ ավելի կվնասի Օսիպյանի առողջությունը։ Փաստաբանի խոսքով` Օսիպյանն իրեն համարում է քաղբանտարկյալ, քանի որ իր կարծիքը ազատ արտահայտելու պատճառով է զրկվել ազատությունից։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են երկամսյա կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել։
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 18-ին քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մեղադրեց Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Տղամարդը նշեց, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ՀՀ, Փաշինյանը սկսեց հակադարձել և հունից դուրս եկավ: Նա սկզբում ասաց, որ արցախցիները Ղարաբաղը չեն կառուցել, բոլորը թալանել են, ապա ընդգծեց՝ հպարտ է, որ Հայաստանն այդ թակարդից հանել է: Այս խոսակցությունից հետո քաշքշուկ սկսվեց, Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձեցին տարածքից հեռացնել Օսիպյանին։ Փաշինյանը շարունակեց բղավել բարձրախոսով. «Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»։
Այսօր հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
