Եթե Ռուսաստանը կարող է սանկցիաներին դիմանալ, ապա Հայաստանը չի կարող։ Այսօր Երևանի Աջափնյակ վարչական համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արտահայտվում ՀՀ իշխանությունների բալանսավորված քաղաքականությունը ԵՄ–ի և Ռուսաստանի հետ։
Փաշինյանը նշեց` պաշտոնական Երևանը հայտարարել է, որ արևմտյան սանկցիոն ռեժիմի մեջ չի մտնելու ու այնպիսի քայլեր չի անելու, որ ընկնի սանկցիաների տակ։
«Այդ մասին մենք թափանցիկ ասել ենք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերներին։ Մենք, բնականաբար, որևէ բան չենք ուզում անել Ռուսաստանի դեմ, սակայն մենք ունենք գիծ. եթե մենք զգանք, որ որևէ քայլ անելիս մենք ինքներս են ընկնում սանկցիաների տակ, մենք չենք անելու այդ քայլերը. ամենայն հարգանքով, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, քանի որ եթե Ռուսաստանը կարող է սանկցիայի տակ լինել ու դիմանալ, ապա Հայաստանը չի կարող»,– հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի` ԵՄ–ից կասկածներ կային, որ Հայաստանը շրջանցում է սանկցիաները։ Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները ԵՄ ներկայացուցիչներին մի քանի անգամ հրավիրել են Երևան ու նաև գրավոր արձանագրել, որ Հայաստանը չի խախտում սանկցիաների ռեժիմը։
«Այդ դիրքորոշումը մենք շատ թափանցիկ ձևակերպել ենք»,– վստահեցրեց Փաշինյանը։
Նա նաև պատմեց, որ Ռուսաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ գործընկերներից մեկն ասել է, թե Հայաստանը ԵՄ–ի հետ համագործակցությամբ վնաս է հասցնում Ռուսաստանի շահերին։ Փաշինյանը նշեց, որ այդ ժամանակ ասել է, որ ՌԴ–ի շահերին վնասելու ոչ մի ցանկություն Հայաստանը չունի, ու որևէ մեկը չի կարող դա փաստող որևէ օրինակ ցույց տալ։
Sputnik Արմենիա
