Логотип

Փաշինյան․ ՀՀ-ն մոդուլյար ատոմակայանի կառուցման հարցում քաղաքական ընտրություն չի անելու

Մոդուլյար ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ընտրություն չի անելու։ Այսօր Աջափնյակում լրագրողների հետ արտագնա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հաշվարկն այն է, որ մենք արևային էներգիայի այս տեմպով մեծ՝ 1000 ՄգՎտ, իսկ առաջարկները հիմնականում 1000 կամ 600 ՄգՎտ ատոմակայանների մասին են, այդպիսի մեծ ատոմակայանի կարիք չենք ունենալու, որովհետև ունենք մեր ռեսուրսը՝ արևը։ Հիմա կենտրոնացած ենք, ուզում ենք մոդուլյար ատոմակայան։ Ինքն ինչով է լավ՝ մի մոդուլ կառուցում ես, որոշ ժամանակ անց կարող ես երկրորդը, երրորդը, չորրորդը։ Եվ ամենակարևորն անվտանգությունն է․ մոդուլյար ատոմակայականի դեպքում, կոպիտ ասած, Չեռնոբիլի նման վթար չի կարող լինել։ Մոդուլյար ատոմակայանում վթարը համարվում է տեղային միջադեպ, 1 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրը չի էվակուացվի»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանը տարբեր երկրների հետ է աշխատում՝ Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա, Ֆրանսիա։

«Ռուսաստանում էլ կա նախագիծ, որը հիմա աշխատում է, բայց ծովի վրա է աշխատում։ Լողացող մոդուլյար ատոմակայան է։ Երբ առաջարկները լինեն, մենք պետք է նայենք նախ տեխնոլոգիայի, ապա գնի առաջարկը։ Մենք ատոմակայանի դեպքում էլ քաղաքական ընտրություն չենք ուզում անել, սա տնտեսական հարց է, մենք ուզում ենք ծրագրի տևականությունն ու շահավետությունը ՀՀ-ի համար երաշխավորել»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ արդյունքում մեր երկիրն ընտրելու է լավագույն առաջարկը։

Sputnik Արմենիա