Логотип

Օվերչուկ․ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցում

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ, հաշվի առնելով այն հայտարարություններն ու Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, մենք ճիշտ ենք համարում, որ Հայաստանը կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։

«Հայաստանին ոչ ոք Եվրասիական տնտեսական միությունից չի հեռացնում, պարզապես նրանք են ասել, որ ցանկանում են Եվրամիություն մտնել։ Պետք է կողմնորոշվել։ Որքան արագ դա արվի, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար»,- ասել է Օվերչուկը։

Օվերչուկը նաև հայտարարել է, որ Հայաստանը՝ որպես Ռուսաստանի դաշնակից, օգտվում է որոշակի առավելություններից էներգետիկ ռեսուրսների գների առումով։ Նրա խոսքով՝ հարկավոր է այդ հարցերը քաղաքակիրթ եղանակով քննարկել, եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու որոշում կայացնի։

Նա, սակայն, հավելել է, որ ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ «Գիտեք, իրավիճակը բավականին տարօրինակ է, որովհետև ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Հայաստանի ղեկավարությունն էլ հայտարարում է, որ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- նշել է նա։

Խոսելով ԵԱՏՄ ղեկավարների՝ Ղազախստանում մայիսի 28-ին կայանալիք նիստին Հայաստանի վարչապետի չմասնակցելու մասին՝ Օվերչուկն ասել է, թե այդ քայլով Հայաստանի վարչապետը ցույց է տվել իր առաջնահերթությունները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին արձակուրդում է և մասնակցում է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին, ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներին տեղեկացրել է, որ չի մասնակցելու մայիսի 28-ին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին, քանի որ այդ օրերին Հայաստանում շարունակվելու է նախընտրական քարոզարշավը։ Հայաստանն այդ նիստում կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։