Последние новости

Վանեցյան. Ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանն իր մեջ հեռանալու մասին որոշում է կայացրել

Հայաստանի ընդդիմությունը մտադիր չէ դադարեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը: Բողոքի ցույցերը շարունակվում են նոյեմբերի 10-ից, երբ նա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնեցրին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պլանը, տեղեկացնում է News.am-ը:

«Փաշինյանը պետք է հեռանա: Մի մարդ, ով փաստացի կապիտուլացիայի ակտ ստորագրեց, իրավունք չունի շարունակել վարչապետ մնալ, ղեկավարել երկիրը»,- ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը` Արթուր Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Վանեցյանը 2018-ի մայիսին Փաշինյանի` իշխանության գալուց հետո նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության պետ, սակայն մեկ տարի անց հրաժարական տվեց: Նա դա բացատրեց տարաձայնություններով երկրի ղեկավարության հետ: Ըստ Վանեցյանի` վարչապետը խախտել է առանց ժողովրդի հետ խորհրդակցելո Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ չկայացնելու իր խոստումները` ինքնուրույն դա անելով: Փաշինյանը չպետք է պատասխանատվություն կրի երկրի հետագա քաղաքականության համար, վստահ է ԱԱԾ-ի նախկին ղեկավարը, ուստի ճնշումը նրա վրա չի թուլանա:

«Փաշինյանի վրա քաղաքական ճնշման բազմաթիվ մեթոդներ կան` բողոքի ցույցերից սկսած մինչև ճնշումը խորհրդարանում: Կարծում եմ` նա հասկանում է, որ պետք է հեռանա: Ես խորապես համոզված եմ, որ նա իր համար նման որոշում կայացրել է: Սակայն հիմա նա փորձում է հնարավորինս երկար մնալ իշխանությունում, որպեսզի անվտանգության երաշխիքներ ստեղծի իր համար»,- ՌԲԿ-ին ասել է Վանեցյանը: Այս պայմաններում ընդդիմությունն անհրաժեշտ է համարում վարչապետի հրաժարականը, ազգային համաձայնության կառավարության ստեղծումը և դրանից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Մոտ ապագայում, խոստացավ Վանեցյանը, ընդդիմությունը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին. «Իսկ թե ո՞վ կլինի վարչապետը, ամենաինտրիգացնող հարցն է: Ընդդիմությունը մի քանի մարդ ունի, ովքեր ունակ են ղեկավարել երկիրը, և ընտրությունը կկատարվի այդ մարդկանց մեջ: Մենք մեր ժողովրդին և քաղաքական ուժերին կներկայացնենք ընդդիմության մի քանի թեկնածու, ովքեր կկարողանան պատասխանատվություն ստանձնել Հայաստանի և Արցախի համար այս դժվարին շրջանում և ղեկավարել երկիրը»:

Հարցին` պատրա՞ստ է արդյոք ինքն անձամբ առաջադրվել վարչապետի պաշտոնում, Վանեցյանը չպատասխանեց, չնայած և չբացառեց այդ տարբերակը. «Ես պատրաստ եմ գալ իշխանություն, կարող եմ լինել կամ չլինել իշխանություն, բայց պատրաստ եմ, պատավոր եմ և պետք է անեմ ամեն ինչ` մեր երկրում իրավիճակն ինչ-որ կերպ բարելավելու համար»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ