Последние новости

Արթուր Խաչատրյան․ Հայաստանն ու Արցախը՝ պարենային անվտանգության խնդրի առաջ են

Արցախի մեծ մասի կորստի արդյունքում Հայաստանն ու Արցախն առաջիկայում ունենալու են պարենային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, առաջին հերթին՝ հացի առկայության և գնաճի խնդիր։ News.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ պարենային անվտանգությանը սպառնացող վտանգները թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար ընդհանուր են։

«Պետք է խոսել ընդհանուր վտանգների մասին։ Վերջիվերջո, մենք չենք կարող այստեղ կուշտ լինել, իսկ Արցախում բնակվող մեր հայրենակիցները՝ սոված։ Առաջին վտանգը հացահատիկի հնարավոր դեֆիցիտն է։ Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան արտադրում է մոտ 200 հազար տոննա հացահատիկ, իսկ Արցախի Հանրապետությունում արտադրվում էր 150 հազար տոննա հացահատիկ այն տարածքներում, որոնք այլևս հայկական ուժերի վերահսկողության ներքո չեն։ Այսինքն մենք կորցրեցինք Հայաստանում արտադրվող հացահատիկի 75 տոկոսի չափ հացահատիկ։ Հայաստանը տարեկան ներկրում է մոտ 250 հազար տոննա հացահատիկ։ Այսինքն մեր սպառումը մոտ 450 հազար տոննա էր, որից 150 հազար տոննան այլևս չի լինի։ Հիմա մենք ստիպված ենք դա գնել արտասահմանից, ընդ որում՝ արտարժույթով։ Հաշվի առնելով, որ դոլարի փոխարժեքն աճում է և էլի աճելու է, ուղղակի կանգնելու ենք նախ հացի առկայության խնդրի առաջ»,–ասաց նախկին նախարարը։

Խաչատրյանը հիշեցրեց Լարսի ճանապարհով հացահատկի ներկրման հարցում Վրաստանի կողմից նախկինում հարուցած խոչընդոտները, որոնք լուրջ ազդեցություն էին թողնում ներքին շուկայի վրա։

«Բացի այդ, հիշեք կորոնավիրուսով պայմանավորված հիմնական արտահանող երկրների ձեռնարկված՝ հացահատկի արտահանման սահմանափակումների մասին։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության դեպքում, ճիշտ է, ԵԱՏՄ-ին չէր վերաբերում, բայց սահմանափակումներ կային։ Նման պայմաններում , երբ չգիտենք, թե հաջորդ տարի ինչ է սպասվում, ունենալու ենք հացի առկայության և հացի գնի խնդիր։ Իսկ հացը եթե թանկացավ, ամեն ինչ թանկանալու է»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմին անցած արոտավայրերի և դրա արդյունքում անասնագլխաքանակի նվազման խնդրին։

«Արցախի և Հայաստանի՝ արդեն սահմանակից դարձած որոշ շրջաններում, օրինակ Քարվաճառում, Սյունիքում զարգացած էր անասնապահությունը։ Գլխաքանակի մեծ մասը կորավ։ Համաձայնագրի ստորագրումից հետո մեզ զանգահարում էին մարդիկ, ովքեր անասնապահական տնտեսություններ ունեին թե՛ ազատագրված տարածքներում, թե՛ Արցախում, և ասում էին, որ մեր անասնագլխաքանակը չենք կարողանում տեղափոխել։ Ցավոք, կառավարության արձագանքը ադեկվատ չէր, և մարդկանց որևէ աջակցություն չի տրամադրվել։ Իսկ ինչ էլ որ տրամադրվել է, եղել է ոչ բավարար։ Այսինքն մենք կունենանք նաև մսի և կաթի կորուստ,–ասաց նախկին նախարարը։

Հարցին, թե հետագա տարիների համար ի՞նչ եղանակով է հնարավոր լուծել պարենային անվտանգության խնդիրը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց.

«Պարենային անվտանգության ռազմավարությունը եթե կար, թղթի վրա ինչ-որ մի բան էր։ ցավոք, չկա։ Հայաստանի Հանրապետությունը անկախության օրվանից վարել է ազատական քաղաքականություն, ավելի կոնկրետ՝ ձեռքերը լվացել է տնտեսությունից։ Տարիներ շարունակ գյուղացուն իր խնդիրների հետ թողել են միայնակ։ Վերջին երկու տարում գյուղոլորտում վարված քաղաքականությունը ագրոբիզնեսին աջակցող է եղել, գյուղացիական տնտեսությունները, որոնք տալիս էին գյուղական արտադրանքի մեծ մասը, դուրս էին մնացել կառավարության աջակցության ծրագրից»։

Խաչատրյանը հերթական անգամ նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով գյուղատնտեսական երկիր, այսօր չունի անգամ գյուղատնտեսության նախարարություն։

«Դա աբսուրդ է, նման բան աշխարհում գոյություն չունի։ Կառավարությունը գյուղատնտեսության նախարարությունը միացրեց Էկոնոմիկայի նախարարությանը, հիմնավորեց դա կառավարման արդյունավետության բարձրացման պահանջով։ Երկու տարի անցել է, արդյոք հաշվետվություն ներկայացրե՞լ են, թե կառավարման արդյունավետությունը ինչքանով է բարձրացել։ Մյուս կողմից էլ, ինչու՞ են գյուղատնտեսության զարգացումը կապել ագրոբիզնեսի զարգացման հետ։ Այսինքն տարածաշրջաններում գտնել հատուկենտ հաջողակ բիզնեսներ և իրենց փորձել սուբսիդավորել, իսկ մնացա՞ծը»։

Գյուղոլորտի նախկին պատասխանատուն համոզմունք հայտնեց, որ չի կարելի գյուղատնտեսության զարգացումը առանձնացնել տարածքային զարգացումից։

 Ըստ նրա, եթե տարածքները չզարգանան, գյուղատնտեսությունն էլ չի զարգանա, ընդհակառակը՝ գյուղատնտեսությունը պետք է նպաստի տարածքների զարգացմանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ