Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ պատերազմից հնարավոր էր խուսափել։ Նա իր տեսակետը հայտնեց «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։
«Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ արեց պատերազմն անխուսափելի դարձնելու համար»,– ասաց նա։
Նրա խոսքով` բանակցային գործընթացը գիտակցաբար մտցվեց փակուղի։ Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի իրավիճակ, որ նախագահող երկրները չէին հասկանում, թե հայկական կողն ինչ է ուզում։
Տավուշում մեր կողմից հրահրած սահմանային կոնֆլիկտն այս պատերազմի պատճառներից է
ՀՀ երկրորդ նախագահը անդրադարձավ նաև Տավուշի հուլիսյան պատերազմին։
Քոչարյանը հայտարարեց, որ ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց ժողովրդին։
Նրա խոսքով՝ Տավուշում մեր կողմից հրահրած սահմանային կոնֆլիկտն այս պատերազմն անխուսափելի դարձնելու պատճառներից է։
«Երբ Գլխավոր շտաբի պետը հունիսի 12-ին զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի և դրանից մեկ ամիս անց հրահրել նման միջադեպ։ Ապա ուռճացնել այն` յոթանասուն հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել, խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, կարծում էիք, որ նրանք կու՞լ են տալու այդ»,- նշեց 2-րդ նախագահը։
Նա անդրադարձավ նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսին՝ հարց հնչեցնելով՝ արդյոք այն ինչպես է համադրվում ԳՇ պետի հայտարարության հետ, կամ արդյոք վարչապետն այս երկու թեզերը չէր համադրել։
«Մենք հնչեցրել ենք այնպիսի սպառնալիք, որի ամենակարճ չեզոքացման ճանապարհը Թուրքիայի ներգրավումն էր պատերազմի մեջ։ Դու ասում ես մի բան, որի համար բավարար ուժ չունես, որին ընդունակ չես գնալու, բայց քո խոսքով դրդում ես թշնամուդ Թուրքիայի հետ շատ ավելի ինտեգրված պաշտպանական համագործակցության»,- ասաց նախագահը։
Մենք կարող էինք ճիշտ որոշման արդյունքում լիարժեք փակել օդը
Ռոբերտ Քոչարյանը խոսեց այն սխալների մասին, որոնք թույլ չտալու դեպքում պատերազմն այլ ելք կունենար։
ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ մենք 2,5 տարվա ընթացքում չենք փորձել լիարժեք փակել օդը, այնինչ դա հնարավոր էր, եթե, օրինակ, 120 միլիոն դոլար պարգևավճարներ բաժանելու փոխարեն գնվեին այնպիսի զինատեսակներ, համակարգեր, որոնք արդյունավետ կլինեին անօդաչու սարքերի դեմ, օրինակ` «ՏՈՐ» համակարգ։
«Գնվել են «Սու»-երը, որոնք ընդհանրապես չեն օգտագործվել, անգամ մեկ մարտական թռիչք չի եղել։ Չեն գնվել հրթիռներ, որովհետև նման հրթիռներ չէին կարող վաճառվել երկրից դուրս։ Գումարներ կային, ՌԴ-ի հետ «ՏՈՐ» համակարգի հետ կապված պայմանավորվածություն կար, սակայն մեկ մարդու որոշմամբ ամեն ինչ փոխվեց՝ պարգևավճարները բաժանվեցին, «Սու»-երը գնվեցին վարչապետի որոշմամբ։ Մենք ճիշտ որոշման արդյունքում ի վիճակի էինք լիարժեք փակել օդը»,- նշեց նախագահը։
Որպես այս պատերազմում մեր պարտության գլխավոր պատճառներից մեկը պաշտոնաթող նախագահը նշեց այն, որ պատերազմի երրորդ օրը դադարեցվել է կանոնավոր բանակի համալրումը՝ անցում կատարելով ջոկատային համակարգի։
«Մարդ ինչքան հեռու պետք է լինի բանակից, անվտանգության հարցերից, որ նման հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին»,- նշեց նա։
Քոչարյանի խոսքով՝ եղել են ջոկատներ, որոնք իսկապես հերոսաբար մարտնչել են, սակայն ջոկատները չեն կարող փոխարինել կանոնավոր բանակին։
ՀՀ երկրորդ նախագահը վստահ է՝ այս որոշումը մեր պարտության հիմնական պատճառներից մեկն է։
Վարչապետի հրահանգով անցկացված «օպերացիան» դարձավ պատերազմի ամենամեծ ձախողումը
Ռոբերտ Քոչարյանը խոսեց Արցախյան վերջին պատերազմում մեզ ձախողում բերած գործողությունների մասին։
Արցախում մեր ճակատը հյուսիսում եվ հարավում չդիմացավ։ Նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահը։ Նրա խոսքով` հյուսիսում հաջողվեց կանգնեցնել թշնամուն և նոր բնագիծ կառուցել, իսկ հարավում՝ ընդամենը 14 կմ-ի վրա մենք հենց առաջին օրը չդիմացանք ու հետ քաշվեցինք։
«Այդ տասնչորս կիլոմետրով ադրբեջանցիները զարգացրին իրենց գրոհը, ճյուղավորվեցին դեպի Ջաբրայիլ, Հադրութ և այլն և ուղիղ դեպի Խուդաֆերին, Կուբաթլու, Զանգելան, և այդ ամբողջ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։ Ինչո՞ւ։ Որովհետև փորձել են ռազմական մի օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար»,- նշեց նախագահն ու հայտարարեց, որ այդ գործողությունն արվում էր անմիջապես վարչապետի հրահանգով։
Նրա խոսքով՝ դա եղել է այս պատերազմի ժամանակ հայկական ուժերի ամենամեծ ձախողումը։ Դրա պատճառով ջախջախվեց հարավում բանակային մի կորպուս և Ստեփանակերտի գունդը։
«Դրանից հետո բավարար մարտունակ ստորաբաժանումներ չունեցանք նոր բնագիծ կառուցելու համար»,- ասաց նախագահը, մինչդեռ փորձառու զինվորականներից շատերը պնդում էին, որ նոր բնագիծ է պետք կառուցել ու պաշտպանվել։
Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների
Ըստ Քոչարյանի` այս պատերազմում կարելի էր չպարտվել ու պատերազմը տարածքային նվազագույն կորուստներով ավարտել։
ՀՀ երկրորդ նախագահը ասած, որ այս պատերազմում մենք ի վիճակի էինք չպարտվել։ Նրա կարծիքով՝ չպարտվելը կհամարեր բնագիծը պահելը կամ նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը։
«Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ»,- ասաց 2-րդ նախագահն ու հավելեց, որ հաջողություններ ունեցող ոչ մի բանակ էլ կանգ չէր առնում։ Հիշեցրեց` 1993-94թթ.-ին իր վրա ահռելի մեծ ճնշումներ կային զինվորների առաջխաղացումը կանգնեցնելու համար, սակայն հաջողություններ ունեցող զինվորը կանգ չի առնում։
«Մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել, այդ քաղաքական թիմն է պարտվել այս պատերազմում, որովհետև նրանց քայլերը բերեցին այս վիճակին»,- նշեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն պնդումներին, թե եթե կռիվը շուտ կանգնեցվեր զիջումների գնով, ապա իրեն դավաճան կանվանեին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այդ իրավիճակի մեղավորը հենց իշխանություններն էին, որովհետև ժողովրդին ամեն օր խաբում էին հաղթական լուրերով։
«Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, եթե իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր՝ ճիշտ որոշում կայացրեց և ճիշտ պահին։ Բայց երբ որ քո ամբողջ քարոզչական մեքենան ասում է, որ մենք հաղթում ենք, մենք Գետաշենում ենք, մենք Շահումյանում ենք, և այդ հաղթարշավի մեջ գտնվող երկրի ղեկավարը հանկարծ ասում է՝ հոպ, զիջումներով մի պայմանագիր է ստորագրում, իհարկե՝ ասելու էին դավաճան է: Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքդ ես գերի դարձել քո ստերին»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Արայիկ Հարությունյանը չի համաձայնել հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. ասել է՝ «իրեն կուտեն»
Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, թե ինչու չի կայացել իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը։
Պատերազմի երրորդ օրն արդեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախում էր։ Նա խոստովանում է՝ 1-2 օր պահանջվեց հասկանալու համար, որ այս պատերազմում լրջագույն խնդիրներ ունենք, և այն պետք է շտապ կանգնեցնել՝ թեկուզ զիջումների գնով։ Քոչարյանը պատմեց, որ խոսել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Դրանից հետո Բակո Սահակյանն առաջարկել է հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։
«Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց հանգամանքներից ելնելով, համարեցի, որ այո, պետք է կիսվել գործող նախագահի հետ և մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ է պետք անել այս իրավիճակում։ Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարող, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն, և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա»,- եթերում պատմեց Ռոբերտ Քոչարյանը։Ավելին բացահայտել ՀՀ երկրորդ նախագահը չցանկացավ՝ նշելով, որ խոսակցությունը եղել է Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի միջև, ավելին ասելը ճիշտ չէ։
Նշեց, որ մտադրված էր Արայիկ Հարությունյանին նաև որոշ քայլեր առաջարկել պատերազմը կանգնեցնելու համար։
«Առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու». այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու, պահի պահանջ էր»,- ասաց 2-րդ նախագահն ու ևս մեկ անգամ շեշտեց՝ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ զեկույցը:
«Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկրետ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալուց հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում: Ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը չորրորդ օրը, երբ արդեն քո զինվորականները քեզ ասում էին՝ մենք անխուսափելիորեն պարտվում ենք»,- նշեց նախագահը։
Նրա խոսքով՝ պարտության պատճառներից նաև մեկը փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր, այն հրամանատարների, որոնք կառուցել էին բնագիծը, որոնք խրամատներում չեն կռվել, որովհետև 92-94 թվականներին անգամ չէին հասցրել խրամատներ փորել։
Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ:
Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, ապա այս պատերազմը չէր սկսվի։ Քոչարյանը նշեց, որ ինքը թույլ չէր տա դիվանագիտական այնպիսի քայլեր, որոնք ի վերջո պատերազմի հանգեցրին։ Վստահ է՝ Ալիևն էլ երբեք չէր համարձակվի պատերազմ սկսել։
«Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ինքն ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար: Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմի համար, իրականում, այդպես էլ եղավ հետագայում»,- նշեց Քոչարյանը։
Վստահ է՝ այնուամենայնիվ, եթե պատերազմ էլ սկսվեր, ապա հաստատ չէինք պարտվի, որովհետև նման կոպիտ սխալներ թույլ չէին տրվի։ Նրա խոսքով՝ հիմա էլ պարտությունը ժողովրդի վրա է գցվում։
«Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախնողներին, ո՞ւմ են պատժել»,- հարցրեց ՀՀ երկրորդ նախագահը։
Նշում է՝ մարդիկ դիրքերը թողնում էին իշխանության ստերի, ամեն ինչ վատ կազմակերպելու պատճառով։ Նախագահը հերքեց իշխանության պնդումները, թե իրենք ժառանգել են բանակցային վատ իրավիճակ։ Շեշտում է՝ պարզապես պետք էր ոչ թե զրոյական կետից սկսել, այլ շարունակել։
«Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանագիրն ամրացնել, որը հենց պատերազմի վերսկսման կանխարգելիչ միջոցառումներ էին ենթադրում, ոչ թե գնար ինչ-որ լիֆտերում կասկածելի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեր»,- նշեց Քոչարյանը։
Այս իրավիճակում արտահերթ ընտրություններ անելը սխալ է
ՀՀ երկրորդրդ նախագահի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր մարմնավորում է մեր պարտությունն ու ամեն անգամ ցավ պատճառում ժողովրդին։
Ռոբերտ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Երկրում ստեղծված լարված իրավիճակում արագ արտահերթ ընտրություններ անելը սխալ է։ Նշում է՝ արդեն մի անգամ տեսանք, թե «էյֆորիայի տակ» անցկացված ընտրություններն ինչ արդյունք ունեցան։ Սակայն շեշտում է՝ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, իսկ խորհրդարանն էլ չի արտացոլում ժողովրդի կարծիքը։ Նա ողջունեց ընդդիմադիրների որոշումն ու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում։
«Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել, և նա այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանն ու կոչ արեց իր կողմնակիցներին ակտիվ մասնակցել քաղաքական այն գործընթացներին, որոնք ուղղված են ներկա իշխանությանը պաշտոնանկ անելուն։
Ասում է, որ պատմության մեջ միայն մեկ դեպք է հիշում, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ Խոսքն իրաքյան առաջին պատերազմի և Սադամ Հուսեինի մասին է։ Ընդգծում է՝ նրա համար ամեն ինչ վատ ավարտվեց, ի վերջո՝ կախաղան հանվեց։
«Պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է փոխվի հենց հանուն այդ ժողովրդի։ Այսօր վարչապետի դեմքը մարմնավորում է մեր այս խայտառակ պարտությունը։ Հոգեբանները լավ գիտեն, որ երբ հանցագործի նկարը ցույց են տալիս զոհին, նույնիսկ նկարը նայելով՝ զոհը գրեթե նույն ցավն է ապրում։ Հիմա մեր վարչապետի դեմքն այդ ցավն է, մենք հիմա դատապարտվա՞ծ ենք ամեն օր այդ ցավը վերապրել»,- ասաց պաշտոնաթող նախագահը։
Ընդգծում է՝ եթե Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխիքներ են պետք, ապա նաև պետք է ասի այդ «հումանիտար միջանցքի» մասին։
Հիմա Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրում է պետք
Երկրորդ նախագահը վստահ է, որ ներկա իշխանությունները չեն կարող Ռուսաստանի հետ խորացնել հարաբերությունները։
Այս պատերազմում զինտեխնիկայի ահռելի մեծ կորուստներ ենք կրել։ Այդ ամենը սեփական ուժերով վերականգնելու և մարտունակ բանակ ունենալու հնարավորություն չունենք,- ասեց ՀՀ երկրորդ նախագահը։
«Մենք այսօր նույնիսկ բանակ չունենք, որ Սյունիքում սահման պահի։ Գյուղացիները` աշխարհազորով, տղամարդկանցով հավաքված, գյուղի սահմանն են պահում՝ պետական սահմանը։ Ո՞ւր է մեր կառավարությունը։ Ադրբեջանցիներն այն կողմից գալիս են, սահման են գծում, մեր կողմից մեկը չկա, որ բանակցի, ասի՝ այս կողմից չէ, դա այն կողմն է։ Գյուղապետն է դա անում։ Սա՞ է կառավարությունը»,- վրդովված աաց նախագահն ու շեշտեց, որ այս ամենը բնականոն ընթացքի բերելու և բանակի մարտունակությունը վերականգնելու համար մեզ Ռուսաստանն է պետք։
Վստահ է, որ պետք է ավելի խոր ինտերգման բանաձևեր գտնել՝ նաև հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, որը փորձելու է հնարավորինս թուլացնել Հայաստանին։ Ուստի և՛ անվտանգության, և՛ տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի պետք է զարգանան։
«Բանակցելու հարց է...Եվ այստեղ պետք է լինի իշխանություն, որն ունի բացարձակ վստահություն Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։ Սա այն հանգամանքներից ևս մեկն է, որը ենթադրում է շատ արագ իշխանափոխություն, որ մենք կարողանանք սկսել այդ գործընթացը։ Մենք այսօր պաշտպանված չենք, և երկրորդ հարվածը ստանալու վտանգը, այո, կա»,- նշեց Քոչարյանը։
Նա վստահ է՝ այս իշխանությունների հետ դա անհնար է։ Հիշեցրեց այն, որ ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քարամյանի առջև խնդիր էր դրվել «ազատվել ռուսական գործակալներից»։ Ասում է՝ խոսքը Ռուսաստանում կրթություն ստացած մարդկանց մասին է։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող էին մեր երկրների հատուկ ծառայությունները համագործակցել։
Sputnik Armenia-ի նյութերով
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 18:33
Для администрации Дональда Трампа украинское и иранское направление будут важны, и очевидно, что они будут важны и для нас, потому что это окажет на нас косвенное влияние. Об этом на обсуждении «Влияние выборов в Грузии, США, украинского конфликта на безопасность Армении» заявил политолог Сурен Саркисян.
-
2024-11-22 18:31
Депутат правящей фракции «ГД» Овик Агазарян вчера был допрошен в Антикоррупционном комитете в связи с инцидентом с бывшим главой Следственного комитета. Его допрашивали почти пять часов, а затем изъяли у него телефон.
-
2024-11-22 18:28
Глава дипломатии ЕС Жозеп Боррель выразил мнение, что президент России Владимир Путин и будущий глава Белого дома Дональд Трамп могут сесть за стол переговоров.
-
2024-11-22 18:27
Премьер-министр Виктор Орбан в пятницу пригласил израильского коллегу Биньямина Нетаньяху посетить Венгрию, но несколько других европейских стран заявили, что израильский премьер будет задержан, если он ступит на их землю, после того как был выдан ордер на его арест, пишет Reuters.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։