Последние новости

Շվեյցարական ՄԱՄՈՒԼ. ՍՈԿԱՐ-Ը ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ ԿԵՐՊԱՓՈԽՎԵՑ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՈՐԾԻՔԻ

Շվեյցարական լրատվամիջոցներում (Tagesanzeiger.ch , 24Heures.ch) հետաքննող լրագրող Մարկուս Հեֆլիգերը ուշագրավ բացահայտումներ է արել Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական ՍՈԿԱՐ նավթային ընկերության կատարած նշանակալի դերի, Ադրբեջանի զինված ուժերը նորագույն ռազմատեխնիկայով հագեցնելու ֆինանսավորմանը, նաև հակահայ քարոզչությանը։ Հեֆլիգերի տվյալով՝ ՍՈԿԱՐ-ի եկամուտների ¾-ը գոյանում է Շվեյցարիայում, որտեղից էլ ֆինանսավորվել է հայերի դեմ պատերազմը։

ՍՈԿԱՐ-ը ֆինանսավորում է ադրբեջանական վարչակարգի պատերազմը Շվեյցարիայից

Նավթային ընկերությունը, որի եկամտի երեք քառորդը գոյանում է շվեյցարական մասնաճյուղերից, կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի տարած հաղթանակում։

ՍՈԿԱՐ-ը Շվեյցարիայում խոր արմատներ գցած և ամենալայն տարածումն ունեցող նավթային ընկերությունն է։ Երկրով մեկ սփռված 200 բենզալցակայաններում ՍՈԿԱՐ-ը վաճառում է վառելիք, շոկոլադ և կրուասան։ Ժնևում տեղակայված թրեյդինգային դուստր ընկերության միջոցով, Ադրբեջանի պետական ընկերությունն զբաղվում է համաշխարհային շուկայում ադրբեջանական նավթահումքի վաճառքով։ Առերևույթ խաղաղ գործունեությունը երկու ասմին է խաթարվել է։ ՍՈԿԱՐ-ը պատերազմի մեջ է։

Ադրբեջանից ղեկավարվող ընկերության Ֆեյսբուքի էջից Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հայաստանի դեմ ատելության խոսք և քարոզչություն է հորդում՝ «Կանգնեցրե´ք հայկական ֆաշիզմը։ Կասեցրե´ք հայերի հարձակումը։ Ղարաբաղը Ադրբեջանինն է»։ Այդ ամենին գրավչություն հաղորդելու համար տեղադրված են զինվորների ու տանկերի լուսանկարներ և Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի ռազմաշունչ ելույթների տեսագրությունները։

Հազվադեպ է պատահում, որ առևտրային որևէ ընկերություն մի գիշերվա մեջ կերպափոխվի պատերազմի գործիքի։ Հազվադեպ է նաև, որ օտարերկրյա պետական որևէ ընկերություն այսքան ամուր կապեր ունենա Շվեյցարիայի հետ։ ՍՈԿԱՐ-ի եկամտի երեք քառորդը գոյանում է Շվեյցարիայում։ Ավելին, ՍՈԿԱՐ-ը Շվեյցարիայում ավելի շատ եկամուտ է ստանում, քան Ադրբեջանում։

Երկու դուստր ընկերություններ շվեյցարական հողում

2019թ ՍՈԿԱՐ-ի՝ 48 միլիարդի հասնող տարեկան հասույթի 76%-ը գոյացել է Շվեյցարիայում։ Ըստ ընկերության տարեկան հաշվետվության՝ 2018թ այն հասնում էր 84%-ի։ Այս եկամտի հիմնական մասը գալիս է երկու դուստր ընկերությունների խողովակով։ Առաջինը Ցյուրիխում գործող «ՍՈԿԱՐ Էներջի Շվեյցարիա» ՍՊԸ-ն է, որը գնել է Շվեյցարիայում Էսսոյին պատկանող բենզալցակայանները։ Ընկերությունն ունի 800 աշխատակից և Միգրոյի հետ միասին շահագործում է 56 Միգրոլինո խանութները։

Երկրորդը 2007թ Ժնևում գործող նավթային առևտրով զբաղվող ՍՈԿԱՐ Թրեյդինգն է։ Այն աշխարհում ադրբեջանական նավթի վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերությունն է և ունի շուրջ 100 աշխատակից։ 2019թ ընկերության հասույթը հասնում էր 36 միլիարդի։ Ըստ իրազեկ աղբյուրների՝ ՍՈԿԱՐ Թրեյդինգն է ապահովում Շվեյցարիայում ՍՈԿԱՐ-ի եկամտի 95%-ը։

Այնուհետև այդ գումարը հոսում է Բաքու։ Երկու դուստր ընկերությունները պատկանում են Ադրբեջանի կառավարության կողմից 100% վերահսկվող մայր ընկերությանը։ Ի դեպ, ՍՈԿԱՐ-ի և Ժնևում գործող ՍՈԿԱՐ Թրեյդինգի նախագահ Ռովնագ Աբդուլաևը Ադրբեջանի Ազգային Ժողովի պատգամավոր է։ Որպես պետական ընկերության ղեկավար, նրա պաշտոնը խիստ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանի եկամտի 57%-ը գոյանում է նավթի վաճառքից։ Այս երկնային մանանան թույլ է տվել ստեղծել թուրքական ԱԹՍ-ներով և իսրայելական հրթիռներով զինված ժամանակակից բանակ։ Քառասունհինգօրյա պատերազմից հետո այս զենքերը թույլ տվեցին Ադրբեջանին հայերի դեմ հաղթանակ տանել և վերանվաճել Լեռնային Ղարաբաղի զգալի մասն ու հարակից շրջանները։

Ո՞րն է ՍՈԿԱՐ-ի ներդրումը ադրբեջանական պատերազմում։ Ադրբեջանի բյուջեի 6%-ն առանց միջնորդի գոյանում է ՍՈԿԱՐ-ից և իր շվեյցարական դուստր ընկերություններից։ Ավելին, պետեկամուտների 47%-ը գոյանում է նավթային պետական ՍՈՖԱԶ հիմնադրամից,-բացատրում է ներկա վարչակարգին քննադատող Բաքվում գործող մի վերլուծական կենտրոնի տնտեսագետ Գուբաթ Իբադօղլուն, որը նաև դասավանդում է Ռաթգըրսի (ԱՄՆ) համալսարանում։

Դաշնային խորհուրդը պետք է միջամտի

Թե ինչու է ՍՈԿԱՐ-ն իր առևտրային գործարքները Շվեյցարիայից ղեկավարում, ՍՈԿԱՐ Թրեյդինգի մամուլի գրասենյակն այսպես է բացատրում. «Ժնևը նավթի առևտրի ֆինանսավորման կարևոր հանգույց է»:

Փաստացի Ժնևը համարվում է նավթի վաճառքի համաշխարհային մայրաքաղաք: Կանտոնային խորհրդի պատգամավոր Կարլո Սոմարուգան (Ժնև) ՍՈԿԱՐ-ի վարքագիծը Շվեյցարիայիում խնդրահարույց է համարում: «Վիրավորական է, որ մեր երկրի հետ նման սերտ կապեր ունեցող ընկերությունը բացահայտորեն զբաղվում է պատերազմի քարոզչությամբ»: Դաշնային խորհուրդը ընկերությանը պետք է հասկացնի, որ Շվեյցարիան չի ընդունում նման վարքագիծը: Ըստ Սոմարուգայի՝ Բաքվի հետ տնտեսական կապերն ունեն նաև քաղաքական հետևանքներ: «Այս կերպ Շվեյցարիան չի կարող խաղալ իր դերը որպես չեզոք միջնորդ», - ասում է սոցիալիստ քաղաքական գործիչը: ՍՈԿԱՐ-ի դեպքը ցույց է տալիս, որ Շվեյցարիան վերջապես պետք է կարգավորի նավթի առևտուրը:

Ազգային Խորհրդի աջակողմյան պատգամավոր Իվ Նիդեգերը (Ժնև) նման քննադատությունը «էժանագին» է որակում: Կովկասյան հակամարտությունում «երկու կողմի մեղադրանքները շատ են»: Այդ պատճառով «արհեստական» է Ադրբեջանում ՍՈԿԱՐ-ի քաղաքական հայտարարությունները կապել Շվեյցարիայի հետ: Շվեյցարիայում նման ընկերության առաջ դուռը փակելու պատճառ չունենք: Նավթի առևտուրը Ժնևի համար տնտեսապես չափազանց կարևոր է,- ասում է Նիդեգերը: «Սակայն ձախակողմյան ուժերը ցանկանում են ոչնչացնել այն ամենը, ինչ կա Շվեյցարիայում»։

Անմատչելի ընկերություն

Քիչ բան է հայտնի ՍՈԿԱՐ Թրեյդինգի և ՍՈՖԱԶ հիմնադրամի հարաբերությունից։ Արդյո՞ք ժնևյան դուստր ընկերությունը վաճառում է հիմնադրամի նավթը։ Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այս հարցը։ Այս անթափանցիկությունը բնորոշ է Ադրբեջանի նավթային ոլորտին,-նշում է Գուբադ Իբադօղլուն իր վերջերս կատարած ուսումնասիրության մեջ։ Այդ պատճառով էլ առկա է կոռուպցիայի մեծ ռիսկ։ Ըստ Թրասնփերենսի Ինթըրնեյշընըլ կազմակերպության կոռուպցիայի դասակարգման՝ Ադրբեջանը 198 երկրների շարքում գրավում է 126-րդ տեղը։ 2017թ Ադրբեջանը նույնիսկ դադարեցրել է իր անդամակցությունն Արդյունահանող ընկերությունների թափանցիկության նախաձեռնությանը (Extractive Industries Transparency Initiative), որը պարտադրում է նավթարդյունաբերող երկրներին զեկույց հրապարակել իրենց շահույթի մասին։

Անթափանցիկությունը տիրում է նաև ՍՈԿԱՐ-ի ներսում,-կարծում է Գուբաթ Իբադօղլուն։ 2019թ ընկերությունը հրապարակել է 650 միլիոն դոլարի շահույթի մասին, որն «իսկապես շատ քիչ է» 48 միլիարդ դոլար եկամուտ ունեցող ընկերության համար։ Հայտնի չէ, թե ինչ գնով է Բաքվի մայր ընկերությունն իր դուստր ժնևյան թրեյդինգին վաճառում նավթը։

Շվեյցարիան՝ փորձնական շուկա

Համեմատության համար նշենք, որ թեև ՍՈԿԱՐ-ի տարբերանշանը կրող 200 բենզալցակայաններից գոյացած շահույթը համեստ է, «ՍՈԿԱՐ Էներջի Շվեյցարիան» այն նույնպես չի հրապարակում։ Ցյուրիխյան դուստր ընկերությունը նույնպես հեռու է անկարևոր լինելուց, քանի որ ՍՈԿԱՐ-ն առաջին անգամ Շվեյցարիայում է գործարկել իր բենզալցակայանները 2012թ։ Շվեյցարիան փորձնական շուկա է, և ընկերությունը շարունակաբար բազմազանություն է մտցնում իր ծառայություններում։ Վերջերս տեղադրվել են էլէկտրական մեքենաների առաջին լիցքակայանները։ Ընկերության ղեկավար Էդգար Բաքմանը ՍՈԿԱՐ-ը բնութագրում է որպես մի «շատ շվեյցարական ընկերություն», որը «քաղաքականության հետ կապ չունի»։

Փոխարենը Բաքվում ՍՈԿԱՐ-ը «հերոսացնում» է բանակում ներգրավված իր աշխատակիցներին։ Որոշ աշխատակիցներ նույնիսկ ՍՈԿԱՐ-ի անունն են դաջել հայերից նվաճած տարածքների վրա։ Ռազմական մարտահրավեր հիշեցնող քայլ, որը հակասում է «շատ շվեյցարական ընկերություն» անվանը։

Մարկուս Հեֆլիգեր

Թարգմանությունը՝ Անուշ Բեժանյանի և Մելինե Բաղդասարյանի

Աղբյուրը՝ Tagesanzeiger.ch և 24Heures.ch։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ