Последние новости

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՉԵՆ

«Խորհրդային սահմանները իրավական հիմք չեն, նույնիսկ եթե իրավական հիմք լինեին՝ այնտեղ կրկին բազմաթիվ վիճելի հարցեր կան»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Իրականում Ադրբեջանը չէր էլ կարող լինել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, որովհետև խորհրդային Ադրբեջանը և Հայաստանը երբևէ չեն եղել միջազգային իրավունքի սուբյեկտ, երբևէ ճանաչված չեն եղել, որպես անկախ պետություններ: Այնպես որ՝ որպես իրավական հիմնավորում հղումը Խորհրդային Հայաստանի սահմանների վրա, իրականում մանիպուլյացիա է: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը նորանկախ պետություններ են: Մենք ոչ առաջին հանրապետությունների իրավահաջորդն ենք, ոչ էլ՝ երկրորդինը: Ցանկացած դեպքում, եթե նույնիսկ լինեին առաջին հանրապետությունների իրավահաջորդները, միևնույնն է նրանց սահմաններն այդպես էլ մնացել էին վիճելի»,-հայտնեց Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով այսօր Սյունիքում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ սահմանները գծվում են նաև «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով:

Փորձագետը գտնում է, որ հայտարարությունը հերթական մանիպուլյացիան է, հակառակ դեպքում նա շատ վաղուց՝ մինչև այս աղմուկը բարձրանալը և խայտառակ վիճակը այդ մասին կհայտներ:

«Եթե որևէ իրավական հիմք ունենային, այսօր իշխանական մամուլը ամենաբարձր ձևով ամեն անկյունից կթմբկահարեր: Իսկ հիմա ինչ-որ բաներ են արագ փնտրում, գտնում ու փորձում համոզել, որ դա նորմալ է՝ երբ թշնամուն հանձնվում են, օրինակ, գերակա դիրքերը, բարձունքները: Ի վերջո, եթե Խորհրդային ժամանակների սահմանազատմամբ է արվում, այն ևս անօրինական է, քանի որ նրա ներքին վարչական սահմանները որևէ օրինական իրավական հիմք չեն Հայաստանի և Ադրբեջանի ներկա սահմանները գծելու համար: Նույնիսկ եթե այդ Խորհրդային սահմաններն ենք վերցնում որպես հիմք ինչ-որ մի բանի, այդտեղ էլ կան բազմաթիվ վիճարկելի քննարկելի հարցեր: Օրինակ, եթե սահմանն անցնում է բարձունքով, այդ բարձունքի ո՞ր կողմում, ո՞ր զինված ուժերն են ամրանալու: Որ կողմին հաջողվեց այդտեղ ամրանալ՝ նա կունենա լուրջ առավելություն եթե վաղը կամ մյուս օրն ինչ-որ կոնֆլիկտ լինի»,- նկատեց Կարեն Վրթանեսյանը և համոզմունք հայտնեց, որ կոնֆլիկտներ լինելու են, քանի որ ստեղծված կոնֆիգուրացիան այլ տարբերակ չի թողնում:

Կարեն Վրթանեսյանը գտնում է, որ նույնիսկ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով մարդիկ շատ հանգիստ ապրում էին՝ լինելով խորը թիկունքում, չլինելով հակառակորդի ուղիղ նշանառության տակ:

«Սա ուղղակի արդարացումներ են Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև անկախ նրանից, թե ինչ ներքին հայկական օրենք է, այն չի կարող ազդել սահմանազատման վրա: Մարդիկ նույնիսկ այդ օրենքով ապրում էին լրիվ ապահով, իրենց պատուհաններից չեն տեսել ադրբեջանական դիրքերը, իրենց ճանապարհներին ադրբեջանական զինվորներ կանգնած չեն եղել: Ի վերջո, այն ներքին օրենք է, և այսօր ԱԺ-ն իր ձեռքում է: Ժողովուրդն ասում է՝ նալն էլ է իր ձեռքում, մուրճն էլ և հանգիստ կարող են փոխել այն, եթե հարցը միայն դրանում է, սա ընդամենը արդարացում է, պատրվակ: Այն իր ստանդարտ գործելաոճն է, որով ցանկացած կատարած սխալ կամ հանցագործություն փորձում է բարդել միֆական նախկինների վրա: Այսինքն՝ նախկինները ունիվերսալ «բոբոներ» են, որոնց վրա կարելի է բարդել կատարած հանցագործությունները և սխալները, և գնալով ավելի ու ավելի քիչ մարդիկ են այդ արդարացումներն ընդունում»,-շեշտեց Վրթանեսյանը:

Ըստ փորձագետի, այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, ինչի տակ որ ստորագրել է՝ ներկայացնելով պատերազմի դադարեցում՝ իրականում այդպես չէ: Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ պատերազմը չի դադարել, և հիշեցրեց այդ ընթացքում հայկական զինծառայողների և քաղաքացիական անձանց սպանության և գերեվարման տասնյակ դեպքերը:

«Այսինքն՝ պատերազմի դադարեցնելու մասին խոսք չկա, ուղղակի այդ փաստաթղթի պատճառով ռազմական և մարտավարական առումով մենք հայտնվել ենք ավելի վատ դիրքերում և, ըստ էության, Ադրբեջանական կողմը գալիս, մատը որտեղ դնում է, այդտեղով անցնում է սահմանազատումը, և հայտարարում են, որ դա է սահմանը»,- նկատեց Վրթանեսյանը:

Փորձագետի համոզմամբ, ներկա իշխանությունները չեն կարող սահմանների հարցը որևէ կերպ լույծել:

«Այնտեղ, որտեղ պետք է գնա բանակցություններ, որտեղ պետք է շատ մանրամասը, շատ համառորեն մեր շահերը պաշտպանվեն, այդտեղ ՀՀ իշխանությունները լրիվ տապալել են իրենց անելիքը: Ընդհանրապես ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանության գործում իրենց անելիքը լիովին տապալել են, ըստ այդմ՝ ուղղակի անիմաստ է խոսել, թե ներկա իշխանությունները ինչ պետք է անեն: Նրանք պետք է օր առաջ հեռանան, այն միակ արդյունավետ քայլը կլինի իրենց կողմից: Որից հետ պետք է հասկանալ, թե ինչի հիման վրա պետք է դեմարկացիա արվի: Որևէ պայմանագիր չկա, այդ թուղթը, որ ստորագրել են, այն բացի Վլադիմիր Պուտինի ստորագրությունից որևէ իրավական հիմք, որևէ միջազգային իրավունքի նորմով ընդունելի չէ, և միայն ու միայն Ադրբեջանի շահերից է բխում»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ