Последние новости

«Հայփոստ»․ «Ապրելու ենք, որ հաղթենք»

«Հայփոստ» ընկերությունը «Ապրելու ենք, որ հաղթենք» խորագրի ներքո դեկտեմբերի 22–ին մարել և շրջանառության մեջ է դրել նամականիշերի և բացիկների շարք, որոնք գնելով նվիրատվություն կանեք զինծառայողներին: Տեղեկությունը հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։

Մարումն իրականացրել են «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին մարվում և շրջանառության մեջ են դրվում նաև յոթ նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային:

«Բացիկ գնելով զինծառայողների համար նվիրատվություն անելն առավել քան դյուրին է, բավական է միայն այցելել https://postcards.stamps.am/ կայքէջը: Ձեր նվիրաբերած գումարն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին, իսկ «Հայփոստը» նշված փոստային հասցեով կառաքի Ձեր ընտրած բացիկը՝ որպես հիշատակ Ձեր կատարած նվիրաբերության: Հասցեական առաքումն իրականացվում է անվճար. Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում»,–նշված է հաղորդագրության մեջ:

 Փոստային նամականիշերի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 500 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» միջոցով իրականացվող նախագծերին:

Բացիկներին պատկերված են Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավիթի, Մարտիրոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Լեոնիդ Ենգիբարյանի արձանները և «Լեռնային պար» արձանախումբը՝ Արցախի բնության խորապատկերներին։

Յոթ նամականիշով մանրաթերթի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 5000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որտեղ պատկերված է Արցախի «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը՝ մարտական գործողության ընթացքում: Կտրոնի ձախ հատվածում «ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱԽ Է» և «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» կարգախոսերն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ