Последние новости

Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։

«Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1- ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազությանը` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ։

Իսագուլյանն ասել էր, որ Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով։ Իսագուլյանի խոսքով` այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը... Իսագուլյանն ասել էր նաև, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Փաշինյանն իմացել է դրա մեկնարկից 1.5 ամիս առաջ։

Դեկտեմբերի 11–ին էլ պարզ դարձավ, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ