Последние новости

Մարուքյան․ Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել

Մեր թշնամի պետությունը նոր արկածախնդրությունների է պատրաստվում, որոնց դիմակայելու համար Հայաստանին նոր ռազմավարություն է անհրաժեշտ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Այս պահին ամենաարագ կերպով լուծելու մարտահրավերը Սյունիքի առաջ ծառացած խնդիրն է, քանի որ եռակողմ պայմանագրի համաձայն` Սյունիքի համայնքներն ադրբեջանական տեսադաշտում են հայտնվել։ Եթե նախկինում 150 կմ է եղել հեռավորությունը ադրբեջանական դիրքերից Սյունիքի բնակավայրեր, ապա հիմա 2-3 կիլոմետրի մասին է խոսքը»,–ասաց Մարուքյանը։

Բացի այդ, ըստ նրա, Սյունիքում սահմանազատման հետևանքով բարձրադիր դիրքեր են հայտնվել Ադրբեջանի ձեռքում։ Ինչպես նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ 2021-ի համար Ադրբեջանը նախատեսում է 550 մլն դոլարով ավելացնել ռազմական բյուջեն։ Ուստի ԼՀԿ-ն կարծում է, որ Սյունիքի առջև ծառացած խնդիրը պետք է լուծել Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր կնքելու միջոցով։

Մարուքյանը նշեց` բանակցություններ սկսելու համար արդեն քայլեր են արվում։

ԼՀԿ նախագահի խոսքով` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան լավ օրինակ է. այն տասնյակ տարիներ ապահովել է այդ տարածքում ՀՀ–ի անվտանգությունը։

«Արցախում գտնվող ռուս խաղաղապահ ուժերն ավելի հեշտությամբ կարող են սպասարկվել Սյունիքում տեղակայված ռազմաբազայից, քան այլ վայրից։ Ուստի, ՌԴ–ի հետ պետք է բանակցություններ սկսել օր առաջ Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար։ Թող այդ ճակատում ՌԴ–ն երկու ռազմաբազա ունենա` Գյումրու և Սյունիքի»,–ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` Հայաստանը միայնակ չի կարող դիմակայել Սյունիքի առջև ի հայտ եկած մարտահրավերին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ