Последние новости

Կապանի քաղաքապետ․ Տարածքների հանձնման մասին համաձայնությունը ձեռք է բերվել նախապես

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության ստորագրումից հետո մենք մնացել ենք մեր զբաղեցրած դիրքերում, իսկ հակառակորդն՝ իր դիրքերում: Համաձայնագրի ստորագրումից հետո հակառակորդը որևէ ագրեսիա չի դրսևորել, և թվում էր, թե ինչ-որ բանի է սպասում: Այս մասին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացնելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ հայտարարեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Ընդ որում, նրա խոսքով՝ Զանգելանի և Կուբաթլուի հանձնման մասով համաձայնագրում ոչ մի խոսք չի եղել թշնամուն նրանց զբաղեցրած տարածքների հանձնման մասին:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Կարող եմ վստահորեն ասել, որ գեներալները, որոնց հետ մենք շփվել ենք, չեն իմացել, որ մենք պետք է թշնամուն հանձնեն մեր դիրքերը»,-ընդգծեց Փարսյանը:

Կապանի քաղաքապետի խոսքով՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ իրենց հետ բանակցություններ չեն վարել, սակայն հրաման է տրվել սյունիքցիների զբաղեցրած դիրքերի հանձնման մասին:

«Ես ասացի նախարարին, որ մենք դեմ ենք այդ դիրքերի հանձնմանը, քանի որ դա մեզ համար խնդիրներ կստեղծի անվտանգության ապահովման տեսանկյունից, սակայն նախարարը հայտնեց, որ տվյալ համաձայնությունը ձեռք է բերվել նախապես: Եթե այդ համաձայնությունը ձեռք է բերվել ի սկզբանե, ապա ինչո՞ւ մեզ չեն տեղեկացրել այդ մասին: Մենք նոյեմբերի 9-ից հետո պաշտպանության երկրորդ և երրորդ գծեր ենք կառուցել և լրջորեն ամրապնդվել այդ տարածքներում: Ես հետաքրքրվեցի նախարարից, թե արդյոք հնարավոր է նոր բանակցություններ անցկացնել այդ դիրքերը պահելու համար, սակայն նա բացասական պատասխանեց: Այդ ժամանակ մեզ ոչինչ չէր մնում, քան այդ դիրքերը զիջելը»,-հայտնեց Փարսյանը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ